ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլները կտրուկ թանկացել են
ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլները Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո թանկացել են 13%-ով։ Բենզինի բարձր գները մեծացրել են էլեկտրական տրանսպորտի նկատմամբ պահանջարկը, սակայն արտադրության կրճատումն ու պետական արտոնությունների չեղարկումը հանգեցրել են ավտոմեքենաների պակասի։ Այս մասին հայտնում է Fortune-ը։
Ինչպես գրում է պարբերականը, ռազմական գործողությունների մեկնարկից հետո երեք ամսվա ընթացքում ԱՄՆ-ում բենզինի միջին գինը մեկ գալոնի դիմաց 2.94 դոլարից հասել է 4.35 դոլարի։ Այս ֆոնին ամերիկացիները սկսել են ավելի ակտիվորեն գնել հիբրիդային ավտոմեքենաներ․ մարտից մայիս դրանց վաճառքը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով։
Միևնույն ժամանակ, ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը նվազել է 16%-ով։ Հետազոտության հեղինակ, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ջոն Փոլ Հելվեսթոնի կարծիքով՝ պատճառը ոչ այնքան պահանջարկի բացակայությունն է, որքան առաջարկի անբավարարությունը։
Էլեկտրամոբիլների գնման համար նախատեսված դաշնային հարկային արտոնությունների չեղարկումից հետո ամերիկյան ավտոարտադրողները սկսել են կրճատել այդպիսի մեքենաների արտադրությունը։ Նախկինում գնորդները կարող էին նոր էլեկտրամոբիլ գնելիս ստանալ մինչև 7.5 հազար դոլարի, իսկ օգտագործվածի դեպքում՝ մինչև 4 հազար դոլարի հարկային արտոնություն։
Արդյունքում դիլերների մոտ նոր էլեկտրամոբիլների պաշարները զգալիորեն նվազել են, իսկ զեղչերի չափը՝ կրճատվել։ Եթե փետրվարին առաջարկվող մանրածախ գնի նկատմամբ միջին զեղչը կազմում էր 9.8%, ապա հունիսին այն նվազել է մինչև 4.7%։
Թանկացումը հատկապես նկատելի է օգտագործված ավտոմեքենաների շուկայում։ Հունիսի վերջին օգտագործված էլեկտրամոբիլների գներն աճել են 13%-ով, ինչը սովորական ավտոմեքենայի դեպքում նշանակում է շուրջ 3.5 հազար դոլարի լրացուցիչ ծախս։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում նոր ավտոմեքենայի միջին գինը կազմում է շուրջ 50 հազար դոլար, իսկ էլեկտրամոբիլինը՝ մոտ 55 հազար դոլար։
Հոդվածի հեղինակը նշում է, որ վառելիքի արդյունավետության պահանջների հետագա մեղմացումը և չինական էլեկտրամոբիլների մատակարարումների սահմանափակումները կարող են ավելի կրճատել մատչելի մոդելների ընտրությունը։
Այսպիսով, բենզինի թանկացման պայմաններում ամերիկացի սպառողները հայտնվել են մի իրավիճակում, երբ էլեկտրական տրանսպորտի անցումը տնտեսապես ավելի շահավետ է դառնում, սակայն էլեկտրամոբիլ ձեռք բերելն ավելի դժվար և թանկ է։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

