2027-ին բանանը կթանկանա
Chiquita Brands International սննդամթերքի դիստրիբյուտոր ընկերության գլխավոր տնօրեն Կառլոս Լոպես-Ֆլորեսը հայտարարել է, որ բանան արտադրող համաշխարհային ընկերությունները դժվարությունների են բախվում եղանակային պայմանների և միջազգային հարաբերություններում լարվածության պատճառով։
Նրա կարծիքով՝ դա կարող է հաջորդ տարի հանգեցնել սպառողական գների բարձրացման։
«Ոլորտը բախվում է եղանակային ծայրահեղ պայմանների և քաղաքական ցնցումների։ Արևադարձային մրգերի աճեցումն ավելի ծախսատար է դառնում… Բոլոր նրանք, ովքեր բանան են աճեցնում, այսօր ձեզ կասեն, որ դրանով զբաղվելը դարձել է ավելի դժվար, ավելի թանկ և պակաս կանխատեսելի, քան մեկ տարի առաջ», – նրա խոսքերն է մեջբերում Bloomberg լրատվական գործակալությունը։
Ինչպես հետևում է Chiquita-ի ղեկավարի կանխատեսումից, հաջորդ տարի բանանի վաճառքի ծավալները կնվազեն, իսկ արտադրանքի գինը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա։ Առաջիկա տարին կարող է ամենաբարդը դառնալ ոլորտի համար վերջին տասնամյակների ընթացքում։ Արդյունքում գները կարող են բարձրանալ այն սպառողների համար, որոնք երկար տարիներ այս ապրանքի թանկացման չեն բախվել։
«Մենք ակնկալում ենք, որ 2026 թվականի վերջը և հաջորդ տարվա սկիզբը չափազանց բարդ ժամանակաշրջան կլինեն ոլորտի համար», – ասել է Լոպես-Ֆլորեսը։
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունն արդեն հանգեցրել է վառելիքի, պարարտանյութերի և փաթեթավորման ծախսերի ավելացման։ Լատինական Ամերիկայի արտադրողների վրա լրացուցիչ ճնշում է գործադրում Էլ Նինյո կլիմայական երևույթը։ Դրա հետևանքով առաջացած երաշտը կարող է հանգեցնել Պանամայի ջրանցքում ջրի մակարդակի նվազման։
