Չինաստանը ևս երկու ամսով կերկարաձգի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ 24% մաքսատուրքի կիրառման կասեցումը
Նոյեմբերի 10-ից Չինաստանը ևս երկու ամսով կերկարաձգի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ 24% լրացուցիչ մաքսատուրքի կիրառման կասեցումը՝ միաժամանակ պահպանելով 10% մաքսատուրքը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ Պետական խորհրդին կից Մաքսային սակագների հանձնաժողովը։
Նշվում է, որ համապատասխան միջոցները ձեռնարկվում են Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով։ Դրանք ընդունվել են ՉԺՀ-ի «Մաքսատուրքերի մասին» օրենքին, Մաքսային օրենսգրքին, «Արտաքին առևտրի մասին» օրենքին և այլ օրենսդրական ու նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ ՉԺՀ Պետական խորհրդի հավանությամբ։
«Չինաստանը կշարունակի ուշադիր հետևել ԱՄՆ-ի հետագա գործողություններին և անհրաժեշտության դեպքում ժամանակին ճշգրտել իր պատասխան սակագնային միջոցները», – ընդգծվում է փաստաթղթում։
Հանձնաժողովում ընդգծել են, որ ամերիկյան ապրանքների նկատմամբ որոշ լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման կասեցման հետագա երկարաձգումը կնպաստի երկու երկրների ընկերությունների համագործակցության համար համեմատաբար կայուն և կանխատեսելի քաղաքական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացմանը։
Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունները շարունակում են մնալ համաշխարհային տնտեսության համար անորոշության կարևոր գործոն։
Վերջին տարիներին փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը մեծացրել է ընկերությունների ծախսերը, բարդացրել միջազգային մատակարարման շղթաների աշխատանքը և ռիսկեր ստեղծել արտաքին առևտրի համար։ Մաքսատուրքերի կիրառման դադարի երկարաձգումը երկու երկրների բիզնեսին հնարավորություն է տալիս պահպանել գործունեության առավել կանխատեսելի պայմանները, սակայն չի նշանակում առևտրային սահմանափակումների ամբողջական վերացում։
24% մաքսատուրքի կիրառման կասեցման սահմանափակ ժամկետը և 10% լրացուցիչ մաքսատուրքի պահպանումը վկայում են, որ առևտրային տարաձայնությունները դեռևս վերջնականապես կարգավորված չեն։
Հետագա զարգացումները կախված կլինեն Պեկինի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքից։
