Աշխարհում չիպերի վաճառքը սեպտեմբերին աճել է գրեթե 2.5 անգամ
Աշխարհում չիպերի վաճառքը սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է գրեթե 2.5 անգամ՝ 147%-ով, և կազմել 172.6 մլրդ դոլար։ Այս մասին հաղորդվում է Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի (SIA) մամուլի հաղորդագրության մեջ։
Օգոստոսի համեմատ վաճառքի ծավալն աճել է 7.9%-ով՝ կազմելով 172.6 մլրդ դոլար՝ օգոստոսի վերանայված 160 մլրդ դոլարի դիմաց։ Ամսական կտրվածքով աճն արձանագրվել է արդեն 19-րդ ամիսն անընդմեջ։
Երրորդ եռամսյակում կիսահաղորդիչների մատակարարումների ծավալը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 24.1%-ով՝ հասնելով 517.7 մլրդ դոլարի։
«Համաշխարհային չիպերի շուկան երրորդ եռամսյակի ընթացքում զգալի աճ է գրանցել․ համաշխարհային վաճառքի ծավալն աճել է ավելի քան 20%-ով՝ եռամսյակային կտրվածքով։ Նման աճ արձանագրվում է արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ», – ասվում է SIA-ի նախագահ և գործադիր տնօրեն Մայքլ Ռոբինսի հայտարարության մեջ։
«Կիսահաղորդիչների վաճառքի տարեկան ցուցանիշները շարունակում են բարձր մնալ բոլոր հիմնական տարածաշրջանային շուկաներում։ Սա ընդգծում է ոլորտի համաշխարհային ընդգրկումն ու դրա անփոխարինելի դերը նորարարությունների խթանման, արտադրողականության բարձրացման և տնտեսական մրցունակության ամրապնդման գործում», – նշել է նա։
Սեպտեմբերին Հյուսիսային և Հարավային Ամերիկայում չիպերի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 191.7%-ով, Եվրոպայում՝ 102.5%-ով, Չինաստանում՝ 124.9%-ով, Ճապոնիայում՝ 73.4%-ով, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և մյուս շուկաներում՝ 141.4%-ով։
Օգոստոսի համեմատ չիպերի վաճառքն աճել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 11%-ով, Եվրոպայում՝ 8.1%-ով, Ճապոնիայում՝ 8.7%-ով, Չինաստանում՝ 4.2%-ով, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 6.9%-ով։
SIA-ն միավորում է ամերիկյան կիսահաղորդչային արդյունաբերության ընկերությունների շուրջ 99%-ին և այլ երկրների չիպեր արտադրողների մոտ 66%-ին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

