Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով
Սաուդյան Արաբիայի ազգային Bahri Ship Management նավագնացային ընկերությունը, չնայած նավերի վրա հարձակումների վտանգին, ԱՄՆ զինված ուժերի հետ համագործակցությամբ շարունակում է նավթատար լցանավեր ուղարկել Հորմուզի նեղուցով։ Այս մասին Դուբայում հայտարարել է ընկերության նախագահ Խալիդ ալ-Համադը, հաղորդում է Bloomberg-ը։
Նա ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների ազգային նավագնացային ընկերություններն այլընտրանք չունեն, քան օգտագործել այս ծովային ուղին։
«Մենք պետք է շարունակենք էներգակիրների մատակարարումները», – նշել է նա։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 10-ին ընկերությունն այդ երթուղով ուղարկել է չորս նավ։
Գործակալությունը հիշեցնում է, որ չնայած Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի հարձակումների ակտիվացմանը՝ վերջին երկու ամիսների ընթացքում նեղուցով նավագնացության ծավալները մոտեցել են 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումից առաջ գրանցված ցուցանիշներին։
Bahri Ship Management-ը կարևոր դեր ունի նեղուցով Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco էներգետիկ ընկերության նավթի մատակարարումների ավելացման գործում։
Ավելի վաղ Bahri Ship Management-ում հայտնել էին, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում տարածաշրջանում հարձակման են ենթարկվել ընկերության մի քանի նավեր, ինչի հետևանքով զոհվել է երկու նավաստի։
