ԵՄ-ն պատրաստվում է սահմանափակել օտարերկրյա մրցակիցների մուտքը եվրոպական շուկա
Եվրամիությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ՝ ներքին շուկայում օտարերկրյա ընկերությունների ներկայությունը սահմանափակելու և եվրոպական արդյունաբերության մրցունակությունը բարձրացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, նախաձեռնությունը պայմանավորված է էներգակիրների բարձր գներով, վարչարարական բեռով և միջազգային մրցակցության ուժեղացմամբ։
ԵՄ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը օտարերկրյա ընկերությունների համար պետական ֆինանսավորման հասանելիության սահմանափակումն է։ Բրյուսելը նախատեսում է խստացնել առանցքային ոլորտներում սուբսիդիաների տրամադրման և պետական գնումներին մասնակցության պայմանները։
Նպատակն է մինչև 2035 թվականը արդյունաբերական արտադրության մասնաբաժինը ԵՄ համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ներկայիս 14%-ից հասցնել 20%-ի։
Նոր քաղաքականության առանցքային գործիքներից մեկը պետք է դառնա արդյունաբերության զարգացումն արագացնելու մասին օրենքը՝ «Արտադրված է Եվրոպայում» (Made in Europe) ռազմավարության շրջանակում։
Նախաձեռնությունը կարող է հանգեցնել եվրոպական միասնական շուկայից դուրս գտնվող երկրների ընկերությունների բացառմանը մատակարարման մի շարք շղթաներից՝ առավելություն տալով եվրոպական արտադրողներին։
ԵՄ-ն նաև քննարկում է DiversifyEU նախաձեռնությունը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից՝ ռազմավարական նշանակության հումքի և բաղադրիչների մատակարարման հարցում։
Խոսքը, մասնավորապես, կիսահաղորդիչների և դեղագործական հումքի մասին է։ Նախաձեռնությունը նախատեսում է խրախուսել, իսկ որոշ դեպքերում նաև պարտավորեցնել եվրոպական ընկերություններին դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները՝ գտնելով այլընտրանքային մատակարարներ։
Քննարկվող ամենախիստ միջոցը վերաբերում է Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։
ԵՄ-ն մշակում է առևտրային մեխանիզմ, որը բացառիկ հանգամանքներում հնարավորություն կտա ամբողջությամբ արգելափակել չինական ապրանքների մուտքը եվրոպական միասնական շուկա։
Այս գործիքը դիտարկվում է որպես ծայրահեղ պատասխան միջոց՝ Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կրճատելու և եվրոպական արտադրողների մրցակցային դիրքերն ամրապնդելու համար։
Նախատեսվող միջոցառումները ԵՄ ռազմավարական ինքնավարության քաղաքականության շարունակությունն են, որն ակտիվացել է էներգետիկ ճգնաժամի և չինական արտադրողների հետ մրցակցության սրման պայմաններում։
Բրյուսելն արդեն պաշտպանական մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների նկատմամբ և ուսումնասիրել պողպատի ու քիմիական արդյունաբերության ոլորտներում դեմպինգի դեպքերը։
Չինաստանի հետ ԵՄ ապրանքային առևտրի դեֆիցիտը վերջին տարիներին տարեկան կազմել է հարյուրավոր միլիարդ եվրո։ Միաժամանակ ռուսական էներգակիրներից հրաժարվելու հետևանքով էներգիայի բարձր գներն ու վարչարարական ծախսերի աճը նվազեցնում են եվրոպական արտադրողների մրցունակությունը՝ հատկապես Ասիայի և ԱՄՆ-ի սուբսիդավորվող ընկերությունների համեմատ։
Նոր նախաձեռնություններով Եվրամիությունը ձգտում է ամրապնդել սեփական արդյունաբերական ներուժը, նվազեցնել արտաքին մատակարարներից կախվածությունը և պաշտպանել եվրոպական շուկան միջազգային մրցակցության ուժեղացման պայմաններում։
