Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Ռ․Քոչարյանը հարցազրույց է տվել Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ
24/02/2014 14:10
Կիսվել

Ռ․Քոչարյանը հարցազրույց է տվել Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել http://2rd.am/ կայքին, որը հանդիսանում է վերջինիս ոչ պաշտոնական վեբ կայքը։ 

Պարոն նախագահ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Թեման չափազանց կարևոր է, բայց  դրա էությունը հասկանալու համար պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն կատարել: Սկսեմ Ռուսաստանից: Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլոր  ոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ` ռազմաարդյունաբերական համիլիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը և գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: ԽՍՀՄ արտահանման հիմնական հոդվածը /65 տոկոս/ կազմում էր նավթի ու գազի արտահանումը: Որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը ավելի մրցունակ ներմուծումից,  Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Կիրառելով արտահանման տուրքեր և քվոտաներ էներգակիրների արտահանման վրա՝ կառավարությունը պահպանում էր դրանց ներքին ցածր գները, ինչը պահում էր ռուսական տնտեսության որոշակի մրցունակությունը: Իմիջիայլոց, դա թույլ տվեց խուսափել այն կոլապսից, որ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ 90-ական թվականների սկզբին: Այժմ, անդամակցելով Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առևտրի կանոնները: Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է: 

Իսկ ի˚նչ կատարվեց Հայաստանում:

Մենք ժառանգեցինք լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական: Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի և երկաթուղային հաղորդակցության բացակայությունը ի չիք էր դարձնում նախկին կոոպերացիայի վերականգնման ջանքերը: Ռուսական տնտեսության մի շարք ոլորտների աղետալի վիճակը 90-ականների կեսերին նույնպես լավատեսություն չէր ավելացնում: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի և տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում: Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակու¬մից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսա¬տուր¬քերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով: Գումարեք դրան նաև Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակ¬ների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առևտրի ազատականացման, և Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար:

Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները:

Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները:

Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը  Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատամամբ  պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել:

Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր.  ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին: Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև ապրանքի գինը խանութում:  Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են: Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները և կաթնամթերքները  կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող  կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համպատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը: Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:

Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98