
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը ավելացել է 23.4%-ով
Հայաստանում գործում է երեսուներեք վարկային կազմակերպություն, որոնցից երեքը լիզինգային կազմակերպություններ են, մեկը` վարկային միություն, քսանյոթը` ունիվերսալ վարկային կազմակերպություն և երկուսը՝ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն: Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2013 թվականի ընթացքում մեր երկրում գործող վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը ավելացել է 23.4%-ով՝ հիմնականում պայմանավորված կանոնադրական հիմնադրամի աճով:
Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցության տեսակարար կշիռը հաշվետու տարվա ընթացքում նվազել է 10.1 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 22.8%:
Ոչ ռեզիդենտների փայամասնակցությամբ 14 վարկային կազմակերպություններից 6-ը ամբողջությամբ օտարերկրյա մասնակցությամբ ընկերություններ են: Ամբողջությամբ օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների ակտիվների տեսակարար կշիռը վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներում կազմել է 22.5% (31.12.2012թ. դրությամբ՝ 35.2%):