Տարվա առաջին կեսին ձկնաբուծության ոլորտում արձանագրվել է 20% աճ
Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 12,66 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 20%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ միայն առաջին եռամսյակում ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 8,99 մլրդ ՀՀ դրամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 3,66 մլրդ ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ մեր երկրի ձկնաբուծության ոլորտը վերջին երեք տարվա ընթացքում գրանցում է կայուն աճ: Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի աճին զուգընթաց աճում է նաև ձկան արտահանման ծավալները: 2013 թվականին Հայաստանից արտահանվել էր ավելի քան 2000 տոննա ձուկ` 2012 թվականի արդյունքներով գրանցված 1885 տոննա ցուցանիշի դիմաց: