2014թ.-ին հայաստանյան բանկերում շուրջ 50%-ով աճել են ժամկետանց վարկերը
2014 թվականի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 32,5 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.5%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու տարվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.73%-ը կամ 123,2 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռել են երկարաժամկետ վարկերը՝ 70,1 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%: