Փետրվարին ծառայությունների ոլորտում գներն աճել են
Նախորդ ամիս՝ փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բնակչության մատուցված ծառայությունների սակագների 0.2% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենցաղային բնույթի` 0.4%, կրթության համակարգի` 0.4%, հանրային սննդի` 0.5%, բուժսպասարկման՝ 1.1%, հանգստի կազմակերպման 2.7% ծառայությունների սակագների հավելաճով: Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.1%:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մշակույթի ոլորտի՝ 1.4%, տրանսպորտի` 1.2% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 2.9% նվազման հետ) ծառայությունների սակագների նվազում, իսկ կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: