Հստակեցվել է բնակելի տարածքների նվիրատվության կարգը
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է բնակիչներին նվիրվող տարածքների նվիրատվության պայմանների հստակեցման, արդիականացման և փաստաթղթերի հավաստիության ապահովման անհրաժեշտությամբ: Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Կառավարությունը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:
Կառավարության որոշմամբ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերականգնված ոռոգման մայր ջրանցքները, պոմպակայանները, երրորդ կարգի ջրանցքները և Արարատյան դաշտի դրենաժային համակարգը համապատասխան ձևակերպումներով հանձնվելու են ըստ պատկանելիության՝ դրանց պատշաճ շահագործումն ապահովելու համար: