Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ
03/08/2015 11:38
Կիսվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

Կառավարության ղեկավարը նախ այցելել է Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի» նորակառույց շենք: Այդ նպատակով կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից. շինարարական աշխատանքները տևել են 2006-2015 թթ., շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 890.0 մլն ՀՀ դրամ: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել շենքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքի արդյունքներին և աշխատակազմի գործունեության ստեղծված շենքային պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները (սեյսմակայուն շինարարություն, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն, երկրամագնիսականություն և այլն) և գործունեության հիմնական ոլորտները (ՀՀ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում, շենքերի և կառուցվածքների, տարածքների սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգերի մշակում, ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում և այլն):

Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն էր՝ գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում: Հովիկ Աբրահամյանը շրջայցի ընթացքում հետևել է արտադրական գործընթացին, ծանոթացել ձեռնարկության ապրանքատեսականուն, արտադրանքի ծավալին, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու ծրագրերին: 2001 թ. հիմնադրված «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն. տարեկան թողարկված արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերության միջոցներով կառուցվել և 2014 թ. շահագործման է հանձնվել արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով:

Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու Հայորդաց տանը, որը բացվել է 2014 թ. դեկտեմբերին: Կենտրոնն ունի շուրջ 170 սան, որոնց համար գործում են դասական, ժողովրդական պարերի, թատերական, նկարչության, քանդակագործության դասարաններ, երգչախումբ և նախակրթարան: Սեպտեմբերից կգործեն նաև կարատեի, սամբոյի, ակրոբատիկայի, դիզայնի և ժամանակակից պարերի դասարաններ, որոնք հաճախելու համար արդեն դիմել է ևս 130 սան: Վարչապետը շրջել է դասարաններով, զրուցել սաների հետ և գոհունակություն հայտնելով Գյումրու Հայորդաց տան գործունեության կապակցությամբ՝ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել կառույցի գործունեության խորացմանը և զարգացմանը:

Վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն, ծանոթացել «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանի գործունեության ընթացքին: Ենթակայանի շինարարությունն իրականացվում է գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ (14.7 մլն եվրո): Ենթակայանը բարձր լարման էլեկտրաէներգիան ատոմակայանից, հիդրոէլեկտրակայաններից և ջերմաէլեկտրակայաններից տեղափոխում է ՀՀ Շիրակի մարզ և մատակարարում մարզի էլեկտրաենթակայաններին:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Շիրակի մարզ աշխատանքային այցի գլխավոր նպատակը մարզում տնտեսության ակտիվացման ու նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն ու ծրագրերի իրականացումն է: Վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում կառավարությանն աջակցելու և գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է հայտնել շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը: «Մենք այդ հարցը քննարկել ենք կառավարությունում պարոն Սրմաքեշի հետ, և նա առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կարծում եմ՝ դա կնպաստի տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Առաջարկել եմ, որ նաև կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն ունենա, ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար, և ամենակարևոր հանգամանքը, որ դա լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը եզրափակվել է Շիրակի մարզպետարանում կայացած ամփոփիչ խորհրդակցությամբ: Նախ և առաջ վարչապետն անդրադարձել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությանը՝ կարևորելով Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նման ընկերությունների ներկայությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ձեռնարկության ընդլայնման ծրագրերին: «Լենտեքս« ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը խոստացել է, որ համապատասխան տարածք և վարկային ռեսուրսներ ունենալու դեպքում ընկերությունը պատրաստ է մեծացնել արտադրական ծավալը և մարզում շուրջ 300 նոր աշխատատեղ ստեղծել: Այս հարցերի առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին և առաջարկել ընկերության տնօրենին՝ սեղմ ժամկետում մշակել և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բիզնես ծրագիր: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ է հետևելու վերոնշյալ բոլոր գործընթացների կազմակերպմանը՝ տարածքի տրամադրումից մինչև վարկային ռեսուրսների հատկացում:

Այնուհետև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, զեկուցելով մարզում բերքահավաքի աշխատանքների մասին, նշել է, որ դրանք ընթացքի մեջ են, և ակնկալվում է հավաքել մոտ 140 հազար տոննա, որը ռեկորդային է մարզի պատմության մեջ: Վարչապետը հետաքրքրվել է հացահատիկի բերքի ընդունման և իրացման գնով ու նշել, որ կառավարությունը հետամուտ կլինի և մթերող ընկերությունների հետ կբանակցի փոխշահավետ գնի շուրջ, որը փոխընդունելի կլինի և´ մթերող կազմակերպությունների, և´ գյուղերի բնակիչների համար: Այնուհետև Շիրակի մարզպետը նշել է, որ մարզի առաջնահերթ խնդիրների շարքում շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծումը, ճանապարհների վատ վիճակը և վթարային շենքերի առկայությունը և զեկուցել այդ կապակցությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ այս տարի կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլն ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը և մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը: Մնացած գումարն ուղղվելու է դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը և շենքային պայմանների բարելավմանը, համայնքներում ենթակառուցվածքների նորոգմանը և այլն:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքով: Նշենք, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ 2014 թ. հոկտեմբերին Գյումրիում մեկնարկել էր բնակարանատերերին սեփականության վկայագրերի տրամադրումը: Մարզպետ Ցոլակյանը նշել է, որ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրերի համար անցած տարի հատկացված 1.5 մլրդ ՀՀ դրամից 146 մլն ՀՀ դրամ տնտեսվել է, և քաղաքաշինության նախարարության հետ քննարկման արդյունքում առաջարկվում է տնտեսված գումարից 61 մլն ՀՀ դրամ հատկացնել 8 բազմանդամ ընտանիքի բնակապահովման խնդիրը լուծելու համար: Դրական արձագանքելով առաջարկին՝ վարչապետը հանձնարարել է հարցն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգ և, կարևորելով ԲԳՎ տրամադրման գործընթացի շարունակականությունը, համապատասխան հանձնարարականներ տվել:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12