Միջազգային 6 ընկերություն մասնակցում է Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման մրցույթին
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ (Տրանշ 3) շուրջ 18.7կմ հատվածի շինաշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն ներկայացրած 14 միջազգային ընկերություններից սահմանված ժամկետներում հայտեր են ներկայացրել 6 ընկերություններ՝ 4 չինական, 1 իտալական և 1 հայ-վրացական համատեղ ընկերություն:
Հայտերի բացման աշխատանքային նիստի ընթացքում մրցութային հանձնաժողովի անդամների և մասնակիցների ներկայությամբ բացվեցին ճանապարհահատվածը կառուցելու համար ներկայացված տեխնիկական առաջարկների փաթեթները:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի խոսքով՝ մրցութային հանձնաժողովի կողմից տեխնիկական առաջարկների հայտերի գնահատումից հետո այդ փուլը հաղթահարած ընկերությունների ներկայությամբ կանցկացվի ևս մեկ նիստ, որի ընթացքում կբացվեն ֆինանսական առաջարկների փաթեթները. «Այն ընկերությունը, որը աշխատանքները կատարելու համար կառաջարկի առավելագույն որակ և նվազագույն գին, նա էլ կդառնա մրցույթի հաղթող: Ընկերության հետ կկնքվի աշխատանքների իրականացման պայմանագիր: Մրցույթի հաղթողի անունը հայտնի կլինի մինչև այս տարվա ավարտը: Իսկ 2016 թվականի գարնան սկզբից ակնկալում ենք սկսել ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները»,- ասաց Արթուր Սարգսյանը:
Նշենք, որ մինչ հայտերի ընդունումը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ հատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթին հետաքրքրություն ներկայացրած կազմակերպությունները հանդիպում-քննարկումներ են ունեցել մասնագետների հետ, ինչպես նաև ճանաչողական այց կատարել կառուցվող ճանապարհահատված:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ հատվածը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: