Հաստատվել է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որի նպատակն է թռիչքային անվտանգության ապահովման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ( ԻԿԱՕ) ստանդարտներին համապատասխան: Ծրագիրը կոչված է ապահովելու թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկումն ու գնահատումը, թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավումը և այլն: Զեկուցվել է նաև, որ թռիչքային անվտանգության բնագավառում Հայաստանի քաղաքացիական ավիացիան այս տարի անցել է աուդիտ, որի տվյալները բավականին բարձր են. համաշխարհային չափանիշներով թռիչքային անվտանգության միջին մակարդակը գնահատվում է 62,9 տոկոս, իսկ Հայաստանինը՝ 84,23 տոկոս է, որը ավելի քան 21 տոկոսով բարձր է: