Պաշտոնական. 2015թ.-ին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է շուրջ 1.2 մլն մարդ
2015 թվականի ընթացքում զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել է 1 մլն 187,36 հազար մարդ: 2014 թվականի համեմատ Հայաստանից մեկնածների թիվը նվազել է մոտ 1%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Այս ներկայացված վիճակագրության՝ 2015 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է մոտ 214,75 հազար մարդ, երկրորդ եռամսյակում՝ 250,32 հազար մարդ, երրորդ եռամսյակում՝ շուրջ 409,29 հազար մարդ, իսկ չորրորդ եռամսյակում՝ 310,16 հազար մարդ:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: