Տարոն Մարգարյան. ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ կազմվել է 1 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:
«Վարչական շրջանների աշխատակազմերի և գյուղմթերքի շուկաների սեփականատերերի ու վարձակալների հետ ավելի ակտիվ համագործակցեք, որպեսզի փորձենք բացօթյա առևտուր իրականացնող անձանց ուղղորդել դեպի շուկաներ: Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան աջակցություն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 40 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները: