Արտեմ Ասատրյան․ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նշանակում է լրացուցիչ բյուջետային հատկացումներ
Նվազագույն աշխատավարձի բարձրացումն այս պահին նշանակում է լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որոնք 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չեն եղել: Այս տարվա համար աշխատավարձի բարձրացումը կգնահատվի լրացուցիչ 13 միլիարդ դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ նվազագույն աշխատավարձի շեմը 55-ից 65 հազար դրամ բարձրացնելու առաջարկը մերժելուն՝ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե միջոցներ չլինելու դեպքում ինչու է, օրինակ, ավելի քան 200 մլն դրամ ուղղվում Ֆինանսների նախարարության Դիլիջիանի դպրոցի ֆինանսավորմանը, արդյոք այն ավելի կարևո՞ր է. Ասատրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պետական կառավարման մարմին ունի իր ծրագրերը, և դրանք ներկայացվում ու հաստատվում են կառավարության կողմից: Ես չեմ կարծում, որ յուրաքանաչյուր պետական կառավարման մարմին չունի իր հիմնավորումները այդ ծրագրերի անհրաժեշտության համար: Այլ խնդիր է, որ ցանկացած որոշում կայացնելիս կառավարությունը հավաքական իմաստով հաշվի է առնում թե՛ առ աջնահերթությունները, թե՛ դրանց նպատակները, թե՛ հասցեականությունը: Այդ առումով, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված մշտապես ունենում ենք քննարկումներ, քանի որ պետական բյուջեի շուրջ 30 տոկոսը հատկացվում է սոցիալական պաշտպանության ոլորտին»:
Կառավարության նիստի ժամանակ Ասատրյանը հիշեցրել էր, որ 2012 թվականից սկսած պետությունը նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացրել է 64 տոկոսով: