Տնտեսական

USD BUY - 381.00+1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+1.00
OIL:  BRENT - 60.13-2.40 WTI - 56.37-3.01
COMEX:  GOLD - 4482.20+0.45 SILVER - 79.24+1.25
COMEX:  PLATINUM - 2376.80+2.03
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.51+0.13 EUR/GBP - 1.1699-0.31
FOREX:  EUR/USD - 1.1699-0.31 GBP/USD - 1.3514-0.30
STOCKS RUS:  RTSI - 1105.53-0.43
STOCKS US: DOW JONES - 49462.08+0.99 NASDAQ - 23547.17+0.65
STOCKS US: S&P 500 - 6944.82+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 51961.98+0.25 TOPIX - 3511.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26458.95+0.42 SSEC - 4085.77+1.55
STOCKS EUR:  FTSE100 - 10122.73+1.18 CAC40 - 8237.43+0.32
STOCKS EUR:  DAX - 24892.20+0.09
07/01/2026  CBA:  USD - 381.75+0.2 GBP - 515.25+1.61
07/01/2026  CBA:  EURO - 446.19+0.2
07/01/2026  CBA:  GOLD - 55113+1715 SILVER - 963.17+52.77
Հովիկ Աբրահամյանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր
05/05/2016 11:31
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Լոռու և Տավուշի մարզեր: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դեբեդ համայնքում, որտեղ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է SMART կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ ՏՏ կենտրոնի կառուցման նպատակով ներդրվելու է ավելի քան 3 մլն դոլար: Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխենոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում: Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին:

Կառավարության ղեկավարն այնուհետև ուղևորվել է Թումանյան համայնք: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ Թումանյանի քաղաքապետարանում արդեն իսկ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները՝ համայնքին միացած մյուս համայնքների բնակչությանը լավագույնս սպասարկելու նպատակով: Նշվել է, որ Թումանյանի ավագանիում ընդգրկված են քաղաքի բոլոր շրջանները ներկայացնող անդամներ. համատեղ ուժերով աշխատանքներ են տարվում համայնքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Այնուհետև վարչապետն այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ եղել արտադրամասերում, ծանոթացել այն շահագործող «Վալլեքս» խմբի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկն ապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում: 2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել և վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ: Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող և Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ: 2015-ի ընթացքում ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ 2016-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում այն արդեն իսկ հասել է 4,55 մլրդ դրամի:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսայակում ընկերությունն արձանագրել է արտադրության 57 տոկոսի աճ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ աճը կարտացոլվի ողջ տարվա ընթացքում: «Այս տարի արդեն իսկ ընկերությունը տվել է 16 մլրդ դրամի արտադրություն: Ընկերությունը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ. կառավարությունը պատրաստակամ է, կա նաև հանրապետության Նախագահի հանձնարարականը՝ քննարկել և աջակցել այս հզոր ընկերությանը, որն ունի մեծ հեռանկար: Կարևորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաև մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով խոշորացված Թումանյան համայնքի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն է նախատեսել՝ համայնքում առկա խնդիրները լուծելու նպատակով: «Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց համայնքի դպրոցի վերանորոգման խնդիրը և մենք այն կներառենք 2017 թվականի պետական բյուջեի ծրագրերի թվում: Կվերացվեն նաև Թումանյանի մանկապարտեզում հրդեհի պատճառով առաջացած խնդիրները, ըստ անհրաժեշտության մանկապարտեզում կիրականացվեն շինարարական այլ աշխատանքներ: Այս համայնքում պատրաստվում ենք կյանքի կոչել լուրջ ծրագրեր, քանի որ այն նաև զբոսաշրջության առումով գայթակղիչ տարածք է: Մասնավորապես, հանձնարարվել է մարզպետին՝ մշակել զբոսաշրջության զարգացման ծրագրեր և ներկայացնել կառավարություն: Մենք նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով իրականացնելու ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Թեղուտից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Նոյեմբերյանում, որտեղ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է համայնքի բնակիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, ծանոթացել առկա խնդիրներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները եղել և շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետի խոսքով՝ պետությունն իրականացնելու է ինչպես սոցիալական խնդիրների լուծմանը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր: Նոյեմբերյանցիները բարձրացրել են Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում:
Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ բնակիչների մտահոգություններին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը և պատրաստ է հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում արժանի հակահարված հասցնել: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ապրիլյան իրադարձությունների օրերին հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ:

Վարչապետն այցելել է նաև Ոսկևան, Զորական և Կոթի համայնքներ, հանդիպել տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են ճանապարհների, ուսումնական հաստատությունների վերանորոգմանը, գազատարի ներքին ցանցի կառուցմանը և այլն: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել բարձրացված հարցերը և կառավարություն ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

07/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.75
+0.2
Եվրո (EUR)
446.19
+0.2
Ռուբլի (RUR)
4.7365
+0.0167
Լարի (GEL)
141.67
+0.07
55113
+1715
Արծաթ
963.17
+52.77