Ակտիվացել է Հայաստան-Ռուսաստան առևտուրը. 11 ամսում` շուրջ 1.2 մլրդ դոլար
2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 224.51 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 15%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Ռուսաստանի հետ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 337.30 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 887.21 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, մեկ տարվա ընթացքում արտահանումն աճել է 54%-ով, իսկ ներմուծումը՝ մոտ 5%-ով:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի մոտ 27%-ը:
Նշենք նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 173,97 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր 18%-ով: