Առաջարկվում է Հայաստանում ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Ներկայացնելով այդ նպատակով կատարված հետազոտության արդյունքները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: Հետազոտության արդյունքներով ստեղծվել է ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել է ծախսերի գնահատում: Դավիթ Տոնոյանն առաջարկել է որպես առաջին փուլ սկսել հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր Արագածոտնի և Լոռու մարզերում, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել ռադիոլոկացիոն կայանների արդիականացման աշխատանքներ:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ պիլոտային ծրագրին՝ միևնույն ժամանակ ուսումնասիրություն իրականացնելով ցանցային պաշտպանության համակարգի արդյունավետության և ծախսատարության վերաբերյալ: