Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կարեն Կարապետյան. բոլորիս նպատակն է Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը
19/09/2017 12:10
Կիսվել

Կարեն Կարապետյան. բոլորիս նպատակն է Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ.

«Հարգելի հայրենակիցներ,

Ողջունում եմ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային և հաշվի առնելով անցյալի դասերը:

Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին:

Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում:

Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար:

Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ:

Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել:

Հարգելի հայրենակիցներ,

Դարերի ընթացքում մենք մղել ենք պայքար և մեր ուժերն ենք համախմբել հիմնականում այն պահին, երբ վտանգ ենք զգացել մեր գոյությանը… Մենք հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգը, ի տարբերություն բազմաթիվ այլ ազգերի, պահպանել է իր ինքնությունը և կարողացել է մշտապես զարգանալ և արարել: Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով… Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր ինքնասիրությունը, արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր դժվարությունները անհամեմատելի են այն դժվարություններին, որի միջով անցել են մեր նախնիները:

Արդյունքում մենք այսօր կանք, մենք ունենք մեր ԱՆԿԱԽ պետությունը: Սա գերագույն արժեք է:

Համոզված եմ, որ ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել:

Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին:

Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»:

Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար։

Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության:

Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը:

Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա:

Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել:

Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար:

Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։

Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք:

Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը:

Հարգելի գործընկերներ,

Մի քանի խոսքով ուզում եմ խոսել այն բարեփոխումների մասին, որ ներկայումս իրականացնում ենք, մեր քայլերի և տրամանության մասին:

Մենք համոզված ենք, որ հաջողակ են այն երկրները, որտեղ արարող, հավելյալ արժեք ստեղծող, աշխատասեր, երկրի համար անհանգիստ մարդը զգում է իր պահանջվածությունը: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հենց այդպիսի երկիր:

Դրան է ուղղված մեր Կառավարության հնգամյա ծրագիրը: Ներկայումս մշակում ենք Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ և զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ, մասնավորապես՝

Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիտելիքները, ունակությունները և հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան ժամանակակից աշխարհում:

Մենք նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի ռեֆորմներ՝ բարելավելով որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնելով կառավարման ինստիտուտների կարողությունները` դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական: Արդեն մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել, որոնք հնարավորություն կտան մեր սփյուռքին ավելացնելու իրենց մասնակցությունը թե՛ պետական կառավարման մեջ, և թե՛ բիզնեսում:

Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը և անաչառությունը ապահովելու համար։

Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա:

Իրականացնում ենք առողջապահության ոլորտի կառավարման արդիականացման ծրագիր՝ ավելի բարձրակարգ և որակյալ բուժսպասարկում ապահովելու, իսկ համակարգը՝ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Գյուղատնտեսության ոլորտում շեշտը դնում ենք ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վրա՝ միաժամանակ ֆերմերային տնտեսություններին ապահովելով արտոնյալ ռեսուրսներով՝ տարեկան 2 տոկոսանոց վարկ գյուղտեխնիկայի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ձեռք բերման համար, ինչպես նաև այլ արտոնյալ վարկեր:

Ամբողջովին վերանայել ենք մարզերի և համայնքերի զարգացման տրամաբանությունը՝ շեշտը դնելով չափելի և պրագմատիկ հնգամյա զարգացման ծրագրերի վրա:

Մենք աշխատում ենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, որը պետք է նաև իր դրսևորումը ստանա Հայաստանի Doing Business վարկանիշի դիրքերի բարելավման մեջ:

Հետևողականորեն բարելավում ենք հարկային և մաքսային վարչարարությունը՝ արագ և արդյունավետ դարձնելու համար բիզնեսի հետ փոխգործակցությունը:

Հայաստանը գործարարության և ներդրումների արդյունավետ և ճկուն հարթակ դարձնելու աշխատանքները կլինեն շարունակական:

Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար:

Այսպես՝

ԵԱՏՄ- 180 միլիոնանոց շուկա, որին մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ և արտոնություններ,

Հարևան ԻՐԱՆ- 80 միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵԱՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առևտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ,

Եվրամիություն և ԱՄՆ- GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ և ամերիկյան շուկաներ։ Ավելին ասեմ, Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։

Հարևան ՎՐԱՍՏԱՆ- ազատ առևտրի համաձայնագիր:

Մենք ուզում ենք, որպեսզի Սփյուռքի մեր գիտության և մշակութային գործիչները, կառավարիչները, ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին՝ կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը մեր համազգային նպատակներին ծառայեցնելու համար:

Մեջբերեմ այն փաստը, որ Սիրիայի դեպքերից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցները իրենց աշխատասիրությամբ, գործին նվիրվածությամբ և բիզնես մշակույթով որակապես փոխել են Հայաստանի ծառայությունների ոլորտը:

Հարգելի գործընկերներ,

Մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները.

տնտեսական ակտիվության աճ՝ 6.2 տոկոս,

արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ՝ 12.7 տոկոս,

պետական բյուջեի մուտքերի աճ՝ 6 տոկոս, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձի պայմաններում՝ 9.3 տոկոսի աճ՝ միաժամանակ նվազեցնելով ձեռնարկությունների ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 47.8 տոկոսով,

արտահանման աճ՝ 21.6 տոկոս,

ներմուծման աճ 28.5 տոկոս, և որի կառուցվածքն է մեզ հուսադրում,

մոտ 24.3 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան այցելությունների քանակը։

Այլ թվերի մասին կխոսեն իմ գործընկերները:

Գիտակցում ենք, որ մեկ տարվա աշխատանքի այս արդյունքները դեռ բավարար չեն Հայաստանի բնակիչների կյանքը որակապես փոխելու համար։ Պետք է ակտիվ շարունակենք այն ամենը՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով նոր ծրագրեր։

Վստահ եմ, որ նախանշված հաջողություններին ավելի շուտ կհասնենք հայության բոլոր հատվածների հետ համատեղ

աշխատանքը ընդլայնելու և ավելի առարկայական և արդյունավետ դարձնելու միջոցով, քանի որ միասին այստեղ ունենք հսկայական առավելություն: Մասնավորապես, սփյուռքահայությունը շատ լավ հասկանում է, թե ինչպիսի միաջավայր է ակնկալում օտարերկրյա ներդրողը, և կարող է մեզ ուղղորդել։

Այդ խնդրի լավագույն լուծումը բազմաֆորմատ համագործակցության խորացումն է: Խիստ կարևոր է նաև ընդհանուր և առարկայական, կոնկրետ ծրագրերի քննարկումը:

Դրա համար, հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսենք Հայաստանի վաղվա օրվա մասին, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացնենք արդեն իսկ հաջողած և ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաև ամբողջովին նոր բիզնես նախագծեր՝ թե մասնավոր և թե հանրային-մասնավոր ձևաչափով: Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես արդեն նշել եմ տարեսկզբին՝ դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին, Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ:

Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելը եւ հզոր ու բարեկեցիկ Հայրենիք ունենալը: Սա մեզ թույլ է տալու ամուր դիրք ունենալ և մեր երկրի շահերը թելադրել և հաջողությամբ առաջ տանել ապագայի աշխարհում:

Եվ ևս մի միտք եմ ուզում հնչեցնել և ուզում եմ ճիշտ հասկացված լինել. ցանկացած հայանպաստ, հայապահպան գործի նյարդերն ու թելերը, անկախ նրանից, թե որտեղ է այդ գործը սկսվել և ով է այն նախաձեռնել, անպայման պետք է կապված լինեն Հայաստանի հետ՝ այն հնարավոր ձգողական ուժի հետ, որի մասին քիչ առաջ խոսում էի: Առանց այս կապի դժվար է իրականացնել համակարգված հայանպաստ գործունեություն:

Իմ գործընկերնեը պատիվ կունենան մանրամասն ներկայացնելու ՀՀ Կառավարության կողմից իրականացվող մի քանի կարևոր նախաձեռնությունների մասին: Առաջարկում եմ մասնակից լինել այդ նախաձեռնությունների քննարկմանը:

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն մեր համաժողովին»:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58