Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին
21/10/2017 13:15
Կիսվել

Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծում է, որ Հայաստանն արևային էներգիայի գրեթե անսպառ պաշարներ ունի, սակայն ոլորտին ամբողջովին զարկ տալն այս պահին շահավետության առումով  նպատակահարմար չէ: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և սպառողների համար արևային էներգիան հասանելի դարձնելու ժամկետներին, Աշոտ Մանուկյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու Հայաստանն ամբողջովին զարկ չի տալիս արևային էներգետիկային:

«Այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արևային էներգիա օգտագործել արևային ժամերին: Այսինքն, արևը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արևը մայր մտավ, մենք էներգիա չունենք: Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արևային կայան, իսկ դա դժվար չէ և շատ թանկ չի նստում: Հիմա արևային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արևը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան: Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են: Այսինքն` գազային կայանները` տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ-ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը և չստանալ էլեկտրաէներգիա: Ցերեկային  ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արևային կայանը փոխարինենք գազային կայանով: Այս դեպքում ստացվում է, որ արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ: Սա է պատճառը, որ մենք այսօր արևային էներգետիկային զարկ չենք տալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Թե ինչո՞ւ են այլ երկրներ գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը` դեռ ոչ, նախարարն ընդգծեց, որ դրա պատասխանը ևս շատ պարզ է: «Մեր էներգետիկ համակարգը սահմանափակ է, մեր սպառումը կազմում է տարեկան 6.6 միլիարդ կիլովատ/ժամ: Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող  է կլանել 70 մեգավատ արևային էլեկտրաէներգիա ` ոչ ավելի: Իսկ դրան, գիտեք, մենք արդեն զարկ տվել ենք` 55 մեգավատ հզորությամբ «Մարսկի -1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթը հայտարարվել է, 10 մեգավատ հզորության կայանի կառուցման  համար լիցենզիան տվել ենք, ևս 5 մեգավատ հզորության կայանի տեղ ունենք, կարող ենք տալ»,- ասաց Մանուկյանը:

Նա հավելեց, որ Ավստրալիայում մի ընկերություն կառուցում է 100 մեգավատ հզորությամբ արևային կայան` կուտակիչ մարտկոցներով: Նրա խոսքով` մեր հիմնական խնդիրը հենց այդ կուտակիչ մարտկոցների բացակայությունն է: «Մենք կարողանում ենք ստանալ արևային էներգիան, սակայն չենք կարողանում այն կուտակել: Այսօր դրա լուծումը, կարծես, տրված է: Ավստրալիայում այդ արևային կայանի շահագործումը նախատեսված է 2017թ. վերջին կամ 2018թ. սկզբին: Եթե այն ունենա հաջողություն, ինչում ես կասկած չունեմ, մենք արդեն կտեսնենք, թե դրա կուտակումն ինչ արժեք կունենա: Ակնհայտ է, որ այս մարտկոցները կլինեն և առաջիկայում կտեղադրվեն, վստահ եմ, որ առաջիկա տարիներին դրանց գինը այնքան կընկնի, որ մեզ համար մատչելի և հասանելի կդառնա, և այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք օգտագործել արևային էներգիան Հայաստանում, իսկ արևային էներգիան Հայաստանում գործնականում անսահմանափակ է: Մենք սկզբունքորեն ունենք գրեթե անսահմանափակ արևային էներգիայի պաշարներ»,- ընդգծեց Աշոտ Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Հայաստանում արևային էներգիան հասանելի կլինի սպառողների համար, նախարարը մանրամասնեց, որ առաջիկա 4 տարիների ընթացքում կյանքի կկոչվի 70 մեգավատ արևային էներգիա կլանելու ծրագիրը, իսկ կուտակիչ մարտկոցները, նախարարի կարծիքով, գնի առումով Հայաստանի համար հասանելի կլինեն առաջիկա տասնամյակում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01