Տավուշի մարզում նախատեսվում է հիմնել մեքենատրակտորային պարկ և արևային էլեկտրակայան կառուցել
Կառավարությունը որոշել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված տարածքը՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Նոյեմբերյանի համայնքապետի գրության համաձայն՝ գործընթացն իրականացվելու է Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում համայնքի համար հաստատված ծրագրով:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ժամկետների և պայմանների բարելավմամբ պայմանավորված: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է կառուցման աշխատանքների կատարման ժամկետ և պետությանը բնակարանների հանձնման ժամկետ սահմանել մինչև 2019 թ. հոկտեմբերի 30-ը, իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման ժամկետ սահմանել մինչև 2019 թ. դեկտեմբերի 25-ը: