Արգենտինացի մասնագետները հանդիպումներ են անցկացնում Շիրակի մարզի տեղական արտադրողների հետ
Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսական համագործակցության շրջանակներում Երևան և Գյումրի են ժամանել Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) մասնագետները` ագրոնոմ ինժեներ Կառլոս Գալմարինին և տնտեսագետ Լուիս Կաբալյերոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից:
Առաքելությունը, որն իրականացվում է Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության Հարավ-Հարավ եւ Եռակողմ Համագործակցության Արգենտինական Հիմնադրամի, արգենտինական INTA-ի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Հայկական ընդհանուր բարեգործական միության հետ համատեղ և համակարգվում Հայաստանում Արգենտինայի դեսպանության ու «Հայաստանի հողեր» ընկերության ներկայացուցիչ ագրոնոմ ինժեներ Գաբրիել Մեղրունիի կողմից, նպատակ ունի նպաստելու Շիրակի մարզի գյուղատնտեսական արտադրողականության քաղաքականության բարելավմանը:
Հունիսի 25-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արգենտինացի փորձագետները հանդիպեցին Հայաստանի գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին և նույն Հիմնադրամի Շիրակի տարածաշրջանային գրասենյակի մասնագետներին, որոնց հետ քննարկեցին փորձարարական գյուղատնտեսության հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև ավանդական արտադրողականության եւ այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառման ու գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի արդյունավետության բարձրացման վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող մի շարք հարցեր:
Այս օրերին պատվիրակությունն աշխատանքներ է իրականացնում և հանդիպումներ անցկացնում Շիրակի մարզի տեղական արտադրողների հետ, որտեղ գործարկվելու է փորձացուցադրական դաշտը, ինչը ծառայելու է որպես գյուղատնտեսական արտադրողականության այլընտրանքային ձևի օրինակ: