
ՀԲ պատվիրակության հետ քննարկվել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Հայաստան ժամանած առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրին առնչվող հարցեր։
Նախարարի պաշտոնակատարը ՀԲ-ի ֆինանսների, մրցունակության և նորարարության պրակտիկայի ղեկավար Մարիալիզա Մոտայի և ծրագրերի թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել է ծրագրի բովանդակային մասին, քննարկել ժամանակային և կազմակերպչական մանրամասները։ Կողմերը վերահաստատել են, որ հարկավոր է մեկտեղել ջանքերը՝ ծրագիրը առավելագույնս ծառայեցնելու Հայաստանի արտահանման խթանմանը և մրցունակության բարձրացմանը, ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։
Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչները, մասնավորապես՝ անդրադարձ է եղել հավատարմագրման և համապատախանության գնահատման մարմինների կարողությունների զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիներին։