Նիկոլ Փաշինյան. Ամուլսարի հանքի շահագործումն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում այն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամուլսարի հանքն այս պայմաններով շահագործման դեպքում շահագործվելու է ՀՀ-ի համար աննախադեպ բնապահպանական ստանդարտներով: Մենք բերում ենք աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտի, որոնք Հայաստանի Հանրապետությունում մինչ այս երբեք չեն կիրառվել: Երբ Ամուլսարի հանքը շահագործվի այդպիսի բնապահպանական ստանդարտներով, այդ ժամանակ մեզ համար ակնհայտ է լինելու, որ մինչ այժմ գործող մետաղական հանքերի շահագործման որակը ցածր է, հիմա այս պայմաններում կառավարությունը պետք է գնա ցածր մակարդակում գտնվող հանքերին ասի, որ պետք է իրենց ստանդարտները հավասարեցնեն նոր նշաձողին: Սա քաղաքական պարտավորություն է: Հիմա այն ընկերությունները, որոնք ցածր մակարդակում են, պետք է տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեն վեր բարձրանալու համար, և ՀՀ կառավարությունն ունի լծակներ, այդ ընկերություններին պարտադրելու համար»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս հանգամանքից ելնելով, մի շարք հայտնի ընկերություններ սկսել են աջակցել հակաամուլսարյան գործընթացին:
«Հանքարդյունաբերության մինչ այժմ հայտնի և ՀՀ-ում գործող ընկերություններ տարբեր տիպի աջակցություն են ցույց տալիս այս հակաամուլսարյան գործընթացին: Այդ փաստը հաստատել են օպերատիվ ծառայությունները: Տրամաբանությունը որն է, որ հանքերով զբաղվող ընկերություններն աջակցեն այլ ընկերության դեմ ընթացող գործընթացին, որպեսզի դրա արդյունքում խնայեն այն տասնյակ միլիոնավոր դոլարները, որ պետք է օգտագործեն ՀՀ-ում հանքարդյունաբերության մակարդակը բարձրացնելու համար»,- նշեց Փաշինյանը:
Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։
Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։
Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝
Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամասը, որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրա ստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են: