ՀՀ ու Վրաստանի փոխվարչապետները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գործընկերները համակարծիք էին, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։
Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։
Կողմերը անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։