Արգիշտի Մեխակյան. Առաջարկում ենք պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը. տեսանյութ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Մեխակյանն ու Գևորգ Պապոյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
Նման կարգավորում արդեն առկա է տրանսպորտային միջոցների դեպքում։
Ըստ պատգամավորների՝ գործող կարգավորումը գործնականում առաջացնում է ռիսկեր գնորդ հաճախորդների համար, բոլոր այն դեպքերում, երբ անշարժ գույքի վաճառողը դրսևորում է ոչ բարեխիղճ վարքագիծ և պատշաճ կարգով չի տեղեկացնում գնորդին՝ գույքի հետ կապված այդ պահին առկա չկատարված հարկային պարտավորությունների չափի մասին, իսկ գնորդը տեղեկացված չէ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթների մասին, համաձայն որոնց նոր սեփականատիրոջն են անցնում օտարվող գույքի հետ կապված նախորդ սեփականատիրոջ չկատարած հարկային պարտավորությունները։
«Բացի այդ՝ գործող իրավակարգավորման պայմաններում առկա է առերևույթ հակասություն Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին հետ, որով սահմանվում է, որ անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը», – նկատում է օրենքի նախագծի համահեղինակ Արգիշտի Մեխկյանն ու հավելում՝ այս օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԻՄ-երին նկատելիորեն բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ չծախսելով լրացուցիչ վարչական ռեսուրսներ։