Նիկոլ Փաշինյան. Համավարակի ընթացքում մեզ հաջողվել է կանխել գների աճը
Եվրասիական բարձրագույն խորհրդի՝ տեսակապի միջոցով անցկացվող նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը, համավարակով պայմանավորված՝ տնտեսական իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը հայտնեց, որ համավարկի ընթացքում Կառավարությանը հաջողվել է կանխել գնաճը, սակայն վարակվածների թվի աճը՝ ոչ։
«Չնայած նրան, որ մեզ չհաջողվեց կանխել նոր դեպքերի թվի աճը, մենք գրեթե ավարտել ենք խիստ սահմանափակող միջոցների կիրառման փուլը և մայիսի 4-ից իրականացնում ենք համավարակի դեմ պայքարի ապակենտրոնացված ռազմավարություն։ Մայիսի 18-ից Հայաստանում հանվել են տնտեսական գործունեության բոլոր տեսակների գրեթե բոլոր սահմանափակումները։ Պահպանվել են սահմանափակումները միայն կրթության, մշակույթի, ժամանցի, հանգստի և զանգվածային միջոցառումների ոլորտներում։ Պետական սեկտորն աշխատում է հիբրիդային եղանակով՝ համատեղելով աշխատանքը գրասենյակում և հեռավար ռեժիմում»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ չնայած կարանտինի չեղարկմանը՝ սահմանվել են սոցիալ-տնտեսական անվտանգության խիստ կանոններ՝ երկրում հաստատվել են կանոնակարգեր, որոնք պարտադիր պետք է կատարեն բոլոր քաղաքացիները, տնտեսավարող սուբյեկտները և պետական հաստատությունները։
«Խիստ սահմանափակումների կիրառման հայեցակարգը փոխակերպվում է խիստ նորմերի և վարքագծի կանոնների պահպանման հայեցակարգի: Դրա արդյունավետությունը, իհարկե, կախված կլինի հասարակության պատասխանատվության աստիճանից»,- ասաց ՀՀ վարչապետը և հավելեց, որ խիստ կարանտինի շրջանում Կառավարությանը հաջողվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի առողջապահական համակարգի թողունակության բարձրացման ուղղությամբ։
Նա հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում իրականացվելու է իրավիճակի մշտական մոնիթորինգ։
Զուգահեռաբար, կառավարությունն ընդունել է կարանտինի և աճող տնտեսական ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների փաթեթ։
Փաշինյանը նշեց, որ այդ միջոցառումները, բացի սոցիալական արժեքից, ուղղված են նաև հետճգնաժամային շրջանում տնտեսությունների զարգացմանը։
«Մեզ հաջողվեց սպառողական գների էական աճ թույլ չտալ։ Կենտրոնական բանկի օպերատիվ միջամտության շնորհիվ կանխվեցին ֆինանսական շուկայի կտրուկ տատանումները և ապահովվեց ազգային արժույթի կայուն փոխարժեքը»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ համավարակի և խորացող հետընթացի պայմաններում Հայաստանի իշխանությունը հատուկ նշանակություն է տալիս ինտեգրացիոն միավորման շրջանակներում համագործակցության զարգացմանը։ Անհրաժեշտ է ամրապնդել ինտեգրման հիմնական կառույցները, ապացուցել ճգնաժամի պայմաններում դրանց կենսունակությունը և հետճգնաժամային շրջանում օգտվել էական հնարավորություններից:
Ելույթի վերջում՝ օգտվելով առիթից Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց գործընկերներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն անելու է ամեն ինչ, որպեսզի սերունդները հիշեն հայրերի ու պապերի գործած սխրանքները։
ԵԱՏՄ առցանց անցկացվող գագաթնաժողովին միացել էին անդամ-պետությունների ղեկավարները։