ՎԵՐԱՑՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽԶՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը, փոփոխություններ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, վերացրել է գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու պահանջը` գյուղացուն հնարավորություն տալով զերծ մնալ տվյալ գործընթացի համար ֆինանսական միջոցների և ժամանակի անտեղի վատնումից։ Տիգրան Սարգսյանը պահանջել է հստակ սահմանել «գյուղատնտեսական տեխնիկա» հասկացությունը, թե այն ինչով է տարբերվում այլ, օրինակ` շինարարական տեխնիկայից։ «Սա հատկապես կարևոր է, քանի որ այժմ քննարկվում են գյուղտեխնիկայի ներմուծման դրույքաչափերը և պետք է կանխվի հետագայում հարկային և մաքսային վարչարարության տեսակետից որևէ խնդրի առաջացման հնարավորությունը», – նշել է վարչապետը:
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը սահմանել է նաև ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն ստանալու կարգը, առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն ստանալու կարգը, ուժը կորցրած ճանաչել խնդրո առարկային վերաբերող իր նախկին որոշումը։ Այսպիսով, կնախատեսվի պարզեցված ընթացակարգ, քաղաքացիները տրանսպորտային միջոցները տեսքի բերելու համար ֆինանսական ավելորդ ծախս չեն անի և հնարավորինս կարճ ժամկետում կկարողանան անցկացնել վերահաշվառումը։