ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
2012-2016թթ. ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով այսօր` մարտի 10-ին, ՀՀ կառավարությունը հաստատել է պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները, աջակցության չափերի ճշգրտման կարգը, ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները, ոռոգելի հողատարածքների նպատակային նվազագույն չափերը։ Հաստատված կարգով պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտում է նախատեսվում գնաճի միջին տարեկան ցուցանիշի 10 տոկոսից բարձր մակարդակի, ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության իրավիճակներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ առաջիկայում ոռոգման ջրի սակագները չեն փոխվելու, ինչը լրացուցիչ վստահություն կարող է փոխանցել ջրօգտագործողների ձեռնարկումներին։ Չպետք է մոռանալ նաև, որ պետությունը տարեկան ավելի քան 4 մլրդ դրամի չափով պետբյուջեից սուբսիդավորում է ոռոգման համակարգի ծախսը։