ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ 14 ՀԱԶԱՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ԱՆՎՃԱՐ ՍԵՐՄԱՑՈՒ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» իրականացվող միջոցառումներն սկսելու նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 450.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կվերադարձվի վարկային համաձայնագրի հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Ծրագիրն ընդգրկված է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցության ռազմավարություն և նախատեսվում է իրականացնել ՀԲ կողմից տրամադրվելիք 16.0 մլն ԱՄՆ դոլար ՄԶԸ վարկային միջոցներով։ Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքի, ինչպես նաև նախապատրաստվում են ևս 21 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այս ծրագիրը` նշելով, որ դրա ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է, որով ամենալուրջ բարեփոխում կիրականացվի տասնյակ համայնքներում։ Բացառված չէ, որ ապագայում կարող են ներգրավվել լրացուցիչ միջոցներ։
Կառավարության որոշմամբ Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված 61 տրակտորը և գյուղատնտեսական այլ տեխնիկան ձեռք բերելու հնարավորություն կտրվի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների գործող կոոպերատիվներին, որոնք կընտրի ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ հանրային խորհրդի, տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը։ ՀՀ վարչապետի բնորոշմամբ` այս հարցը նույնպես բազմակողմանիորեն քննարկվել է։ Գյուղական համայնքներում պետք է համոզվեն, որ եթե գյուղացիական տնտեսությունները միավորվեն, ապա պետությունն իրենց թիկունքում կլինի։
Գործադիրը հաստատել է նաև Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011թ. ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Նկատելով, որ այսօրվա նիստը գյուղատնտեսական ուղղվածություն է ստանում, Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։ Սերմացուի տեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորեն կընդլայնվեն մշակվող հողատարածությունները։ Չի բացառվում, որ պահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանա ևս հազար տոննայով։ Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի պետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացն իրականացվի պատշաճ վերահսկողությամբ։