ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարներին:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետը նշել է. «Հաճելի է, որ մասնագիտական հարցերի քննարկման համար դուք հանդիպման վայր եք ընտրել հենց Երևանը, և մենք ուրախ ենք ընդունել ձեզ Հայաստանում: Հուսով եմ, որ ձեր քննարկումները, զրույցները հեռահաղորդակցության ոլորտի զարգացման վերաբերյալ օգտակար և արգասաբեր կլինեն»: Վարչապետն անդրադարձել է կապի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների ձևավորման, փոստի կառավարման, ռոումինգի ոլորտում միասնական քաղաքականության իրականացման և այլ հարցերի:
Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում արծարծված հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածայաին հաղորդակցության նախարար Իգոր Շոգլևը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի կապի և տեղեկատվության նախարար Ասկար Ժումագալիևը, ոլորտի այլ մասնագետներ: