24/02/2011 15:29
2 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ քաղաքացիների կողմից ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին վարկերի տրամադրման կարգը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 300 մլն ՀՀ դրամ, հետագայում` ըստ հայտերի ավելացնելու պայմանով։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարությունը` մշակել սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին հաղթահարել այն ֆինանսական, տնտեսական խնդիրները, որոնք առաջանում են այսօր և բարդացնում սոցիալական վիճակը։ Այդ գործոններից են հետճգնաժամային տնտեսական իրավիճակը, բարձր գնաճը, ոլորտի այն ռեժիմները, որոնք փոփոխվում են։ Մենք պարտավոր ենք օգնել սոցիալապես անապահով խավերին, ինչպես նաև ժամանակավոր դժվարություններ ունեցող քաղաքացիներին։
Այս միջոցառումը նույնպես ՀՀ նախագահի հանձնարարականի մասն է և նախապատրաստվել է հետևյալ տրամաբանությամբ. մարզպետներն իրենց մարզերում հաշվառել են, թե մաքսազերծման օրենքի կիրառման դեպքում ինչ խնդիրներ կառաջանան։ Մեր գնահատականով մենք գործ ենք ունենալու երկու հազար քաղաքացու հետ, որոնք ֆինանսական դժվարությունների պատճառով ի վիճակի չեն միանգամից մաքսազերծել իրենց մեքենաները։ Նրանց հաշվառումն իրականացվում է շատ պարզ եղանակով, մարզպետների կողմից։ Դրանք հիմնականում Լոռիի, Շիրակի և Տավուշի մարզերն են։ Այն մարդկանց, ովքեր ունեն մինչև 2005թ. արտադրության մեքենա, որի արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը, մենք օգնում ենք։ Պետությունը նրանց անհապաղ տրամադրում է այդ ֆինանսական օժանդակությունը, և նրանք կարողանում են մաքսազերծման իրենց գործառույթն իրականացնել ամբողջ ծավալով։ Հետո մենք այդ մարդկանց հնարավորություն ենք տալիս 6 ամսվա ընթացքում այդ անտոկոս գումարը վերադարձնել պետությանը։
Սա սոցիալական օժանդակություն է նրանց համար, ովքեր ի վիճակի չեն իրենց պարտավորությունները կատարել պետության նկատմամբ։ Մեր գնահատականով, այս մեքենաների թիվը կլինի մոտ չորս հազար, բայց պետության այս օժանդակությունից օգտվողները չեն գերազանցի երկու հազարը։ Եթե ավելի կլինեն, մենք պատրաստ ենք նաև գումարը մեծացնել։ Հաշվառումն իրականացվելու է մարզպետների կողմից հեշտացված կարգով, պայմանագիրը տիպային է լինելու, ստորագրելու են մարզպետները։ Պայմանագիրը մաքսայինի համար հիմք է լինելու, որպեսզի մաքսազերծումն արագ իրականացվի, և այս անցումը նոր ռեժիմի մեր քաղաքացիների համար լինի հնարավորինս անցավ»։
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90