ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2010 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2010 թվականի ընթացքում կատարված աշխատանքների եվ դրանց արդյունքների մասին նախարարության հաշվետվությունը:
Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված էր մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հակացիկլիկ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հաշվեկշռված իրականացմամբ: Ընդ որում` հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես պայմանավորված են եղել նախարարության կողմից` իր իրավասությունների շրջանակներում, իրականացված տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով:
Մակրոտնտեսական քաղաքականություն
2010թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 2.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 110.5 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2010թ. արդյունքներով կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար: 2010թ. արդյունքներով ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենան (համապատասխանաբար` 2 և 1.3 տոկոսային կետ): Տնտեսական անկում կնկատվի միայն գյուղատնտեսության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 2.4 տոկոսային կետ):
2010թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 733.4 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 11.6 տոկոսով: 2010թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի կազմել է 835.4 մլրդ դրամ` նախատեսված 850.4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կազմել է 98 տոկոս: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2010թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 2.9 տոկոսը` նախորդ տարում գրանցված 4.8 տոկոսի դիմաց: Ըստ գանհատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 5 տոկոս, նախորդ տարվա 7.7 տոկոսի և նախատեսված 6 տոկոսի դիմաց:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են մի շարք կարևոր քայլեր
Մշակվել և հաստատվել են “Ներքին աուդիտի մասին” և “Գնումների մասին” ՀՀ նոր օրենքները: Հայաստանը անդամակցել է ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին, մշակվել և ներդրման փուլում է գտնվում “Էլեկտրոնային գնումների” համակարգը, որով հնարավորինս ավտոմատացվում է գնումների գործընթացը: 2010 թվականի ընթացքում` բյուջետային միջոցները համախմբելու նպատակով, Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով աշխատանքներ իրականացնող ԾԻԳ-երի հաշիվները առևտրային բանկերից տեղափոխվել են գանձապետարան: ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մշակվել է “Կուտակային կենսաթոշակների մասին” և “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից: “Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան” պետական ծրագրով 2010թ. ընթացքում սուբսիդավորվել է թվով 223 վարկառուների` ընդամենը 34.8 մլն դրամ գումարով:
Մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013 թվականների ռազմավարական ծրագիրը (ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում):
Շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հարկման առավել պարզեցված` արտոնագրային ռեժիմի կիրառության շրջանակների ընդլայնման, հարկային մարմնին որոշ հարկատեսակների գծով հաշվետվությունների ներկայացման պարբերականության կրճատման և ժամկետների միասնականացման նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն ուշացնելու դեպքում հարկ վճարողների օգտին տույժերի հաշվարկման օրենսդրական հիմքի ձևավորման նպատակով մշակվել է օրենսդրական նախագիծ, որն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից, իսկ այդ օրենսդրական փոփոխությունից բխող` ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Խոշոր բիզնեսն արհեստականորեն մասնատելու և դրանով իսկ փոքր և միջին բիզնեսի համար սահմանված` հարկման առավել մեղմ պայմաններից օգտվելու դեմ պայքարի նպա¬տակով մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
Մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է “Շահումով խաղերի և խաղատների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ oրենքը, որի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել` ք. Ծաղկաձորում, ք. Ջերմուկում և ք. Սևանում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:
“Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների” ծրագրի շրջանակներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման միջոցառման արդյունքում նախկինում գործող լիցենզավորման ենթակա 169 գործունեության տեսակների փոխարեն սահմանվել է 96 գործունեություն, ինչպես նաև սահմանվել է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաս¬տաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու, լիցենզիաներ ստանալու գործընթացը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները բարեփոխելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև ելնելով “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներից, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ընթացակարգերին համապատասխան թարգմանվել են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (IFRS for SMEs), որոնք պաշտոնապես հրապարակվել են ՀՀ կառավարության 2010 թվականի համապատասխանաբար մարտի 11-ի թիվ 235-Ն և սեպտեմբերի 16-ի թիվ 1209-Ն որոշումներով:
Միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան:
ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով 2010թ. ընթացքում վճարվել է 38.2 մլն ԱՄՆ դոլար, կամ 14.6 մլրդ դրամ տոկոսավճար, 25.1 մլն ԱՄՆ դոլար կամ 9.7 մլրդ դրամ հիմնական գումարի մարում: ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով 2010թ. ընթացքում ըստ նախնական գնահատականների ստացվել է շուրջ 287 մլն ԱՄՆ դոլարի (108 մլրդ. դրամ) վարկային միջոցներ:
ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել են 112 ստուգումներ, որի արդյունքում վերականգնվել և վերաձևակերպվել 2,697.6 մլն դրամ: Նախորդ տարիներին արձանագրված գումարներից 2010թ. ընթացքում վերականգն¬վել/վերաձևակերպվել է 8,434.3 մլն դրամ: