22/03/2011 12:48
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի առաջնահերթ ծրագրերը և առաջարկել է փոխշահավետ համագործակցության եզրեր գտնել: Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ, քաղաքապետի համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կարող են կառավարվել մասնավոր հատվածի կողմից: Այդ դեպքում քաղաքային բյուջեն կարելի է ավելի նպատակային ու հասցեագրված դարձնել: «Մի շարք գործառույթներ, որ քաղաքապետարանինն են, ունեն բիզնես տրամաբանություն և պետք է տրվեն բիզնեսին՝ կառավարման համար. դրանք են, օրինակ, տրանսպորտը, աղբահանությունը, ավտոկայանատեղիները, հիվանդանոցները: Իսկ այն գործառույթները, որ բիզնես տրամաբանություն չունեն (սոցիալական, կանաչապատում, բարեկարգում, ճանապարհային շինարարություն և այլն) ամբողջությամբ պետք է կառավարի քաղաքապետարանը: Եվ եթե մենք կարողանանք այդ 2 խնդիրները ճիշտ դնել, նույնիսկ այն փոքր բյուջեի պարագայում, որ ունի Երևան քաղաքը, մենք կարող ենք բավականին լավ արդյունքներ ունենալ: Համոզված եմ, որ մասնավորն ավելի էֆեկտիվ է կառավարում, և մասնավորի կառավարման դեպքում նվազում են անգամ կոռուպցիայի ռիսկերը»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քաղաքապետարանի թիմն այսօր շատ ակտիվ աշխատանք է տանում մայրաքաղաքում բարենպաստ բիզնես միջավայարի ձևավորման առումով, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային առաջարկների փաթեթ է պատրաստել հնարավոր ներդրողներին առաջարկելու համար: Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք գործարար հետաքրքրություն են ենթադրում և ապահովում համագործակցության լայն դաշտ: Մասնավորապես, նշվել է համաքաղաքային նշանակության պատմական շենքերի վերականգնման, ներառյալ գեղարվեստական-դեկորատիվ լուսավորման ու ձևավորման ծրագիրը: Այս համատեքստում քաղաքապետն առաջարկել է նաև հեռուստաաշտարակի և հարակից տարածքների լուսավորության ծրագիրը, որն էականորեն կարող է փոխել քաղաքի գիշերային տեսքը: Կրթական ոլորտում` մասնակցություն համայնքային դպրոցական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդներում, համայնքային կրթօջախներին օժանդակություն, մասնավորապես` «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում, մշակութային օջախներ, թատրոններ, թանգարաններ, դպրոցականների այցելությունների հովանավորում և այլն: Առողջապահության ոլորտում` համայնքային բուժհաստատությունների հիման վրա համատեղ ձեռնարկությունների ստեղծում և արդիականացում, ազգաբնակչության բուժսպասարկման ոլորտում նորամուծությունների ներդրում: Առաջարկվել է նաև սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որը բացի սոցիալական խնդիր լուծելուց որոշակիորեն կաշխուժացնի բիզնես միջավայրը:
Ներկայացնելով ծրագրերը և հորդորելով մասնակցել դրանց իրագործմանը փոխշահավետ պայմաններով` քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը քաղաքային կառավարման գործընթացներում մեծապես կնպաստի մայրաքաղաքում տիրող առկա գործարար միջավայրի բարելավմանը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա քաղաքի խնդիրների լուծմանն ու Երևանի զարգացմանը։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, կարևորելով համագործակցության հիմքում ընկած փոխշահավետությայն սկզբունքը, նշել է. «Բանկերը մասնակցում են բազմաթիվ սոցիալական, առողջապահական, կրթական ծրագրերի, սակայն առաջին անգամ է, որ հարաբերությունները պետական կառավարման մարմինների հետ լինելու են փոխշահավետ»: Մասնակիցների գնահատմամբ` Երևանի քաղաքապետարան – ՀՀ բանկային համակարգ համագործակցությունը ենթադրում է սոցիալական խնդիրների համատեղ լուծման բարձր պատասխանատվություն և կորպորատիվ պատասխանատվության մշակույթի ձևավորում: Քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փաթեթը ուսումնասիրելուց հետո բանկերը կներկայացնեն իրենց առաջարկությունները:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
10:50 14/12/24
10:30 14/12/24
17:31 13/12/24