Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՈՐՈՇ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
21/03/2011 15:25
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՈՐՈՇ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովին: Մարտի 21-23-ը կայանալիք հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, ինչպես նաև ավելի քան 15 երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ, դեսպանությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն հնարավորություն կտա ամփոփելու ՀՀ ՏՄՊՊՀ-ի 10-ամյա գործունեությունը և բացահայտելու առկա խնդիրները, օգտվելու այլ երկրներում այս բնագավառում, կուտակված փորձից և մատնանշել հետագա անելիքները:  Իր ելույթում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անցումային փուլում գտնվող երկրներում ազատ մրցակցությունն ունի էական նշանակություն, և այդ տեսակետից կարևորել ՏՄՊՊՀ-ի դերն` անհրաժեշտ համարելով մրցակցությունը խաթարող հիմնարար պրոբլեմների բացահայտումը: 
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է տնտեսական մրցակացության պաշտպանության ոլորտի առաջնահերթ խնդիրներին. «Հայաստանի Հանրապետությունում առկա են մի քանի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են մրցակցության միջավայրը: Առաջինը հարկային և մաքսային վարչարարության խնդիրն է: Հավասար պայմանների ապահովումը, հավասար վարչարարության կիրառումը բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ համար մեկ խնդիրն է, որն ստեղծում է բարենպաստ միջավայր մրցակցության համար: 
Երկրորդ խնդիրը ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքն է, որը հնարավորություն պետք է տա, որ ոչ միայն պետական ատյանները վերահսկեն տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այլև հանրությունը: Դա նշանակում է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որպեսզի տնտեսվարող, առավել ևս խոշոր տնտեսվարող սուբյեկտները հրապարակեն իրենց հաշվետվություններն աուդիտորական եզրակացության հիման վրա: 
Երրորդ հանգամանքը կոռուպցիոն ռիսկերն են և ընդհանրապես կոռուպցիայի մակարդակը: Գաղտնիք չէ, որ մեր նման երկրներում կոռուպցիան լրջագույն մարտահրավերներից մեկն է, և այստեղ անհրաժեշտ է համալիր միջոցառումների իրականացում, որոնք պետք է նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, և դա, բնականաբար, ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ:
 
Չորրորդ հանգամանքը հանրության վերաբերմունքն է այն բացասական երևույթներին, որոնք առկա են մեր երկրում, որպեսզի հանրությունն ունենա հստակ դիրքորոշում կոռուպցիոն երևույթների և ստվերային տնտեսության նկատմամբ ու համարի այդ երևույթներն անհանդուրժելի:
Հինգերորդ հանգամանքը, որն օբյեկտիվորեն խոչընդոտում է տնտեսական մրցակցությունը Հայաստանի Հանրապետությունում, աշխարհաքաղաքական մեր իրավիճակն է և այն քաղաքական ռիսկերը, որոնք կան տարածաշրջանում: Մասնավորապես, որպես տնտեսության դիվերսիֆիկացիային խոչընդոտող օբյեկտիվ գործոն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Հայաստանն աշխարհի հետ կապող սակավաթիվ միջանցքների առկայությունը: 
Վարչապետը ներկայացրել է վերոնշյալ խնդիրներիլուծման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները. «Առաջինը, հարկային և մաքսային վարչարարության առումով մենք ունենք հստակ ծրագիր, որն անցել է նաև միջազգային փորձաքննություն և պատշաճ ձևով ներկայացնում է իրավիճակն ու անելիքները: Այստեղ ունենք ռեֆորմների ներդրման կարողություններն ավելացնելու անհրաժեշտություն և ակնկալում ենք, որ Եվրամիության տեխնիկական օժանդակությունը և Արժույթի միջազգային հիմնադրամի օժանդակությունը կօգնեն էապես ավելացնել մեր ռեֆորմների կարողությունները հարկային և մաքսային բնագավառում: Ամենակարևորն այստեղ այն է, որ մեր հարկ վճարողները դեռևս դրական գնահատական չեն տալիս հարկային և մաքսային վարչարարության բնագավառում տիրող իրավիճակին, ու սա մեզ համար թիվ մեկ պրոբլեմն է:
Երկրորդ խնդիրը ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքն է: Այստեղ մենք ընդունել ենք աննախադեպ օրենք, որով պարտադրել ենք Հայաստանի Հանրապետության շուրջ հինգ հարյուր խոշոր ձեռնարկություններին, որպեսզի նրանք հրապարակեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, ընդ որում` արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա: Երրորդը, ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման տեսակետից նույնպես ստացել ենք բազմաթիվ միջազգային փորձաքննությունների արդյունքները և փորձում ենք բարձրացնել հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ստուգումներ անցկացնելու և պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ ունեցող նմանօրինակ մյուս հանձնաժողովների գործունեությանը և կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրությունը դրանց լիազորությունների տարանջատման հարցում` ընդգծել, որ մրցակցությանն առնչվող խնդիրների լուծման գործում գերակայությունը պատկանում է ՏՄՊՊՀ-ին:
Խոսելով հասարակության հետ աշխատելու կարևորությունից` Տիգրան Սարգսյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ եթե հասարակությունը վստահում է հանձնաժողովին, ապա հանձաժողովի դերակատարությունը մրցակցային դաշտում էապես բարձրանում է: Այդ տեսակետից ակնկալում ենք, որ այս տարի հանձնաժողովը, լրացուցիչ լիազորություններ ստանալով օրենսդիր իշխանության կողմից, անհապաղ պետք է բացահայտի մեր հանրությանը մտահոգող մի շարք ոլորտներում տիրող իրավիճակը և իրեն օրենքով տրված լիազորություններով համարձակորեն կիրառի պատժամիջոցներ: Մենք պետք է սերտորեն համագործակցենք և մեր քաղաքականության արդյունքները տեսանելի դարձնենք հանրության համար»: 
Վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղարին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին տրամադրված օժանդակության համար և շնորհավորել ՏՄՊՊՀ-ի անդամներին հիմնադրման 10-ամյա հոբելյանի առթիվ:
Երկօրյա տոնական միջոցառումների շրջանակում կներկայացվեն ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի ձեռքբերումները, առկա խնդիրները և հետագա անելիքները, ինչպես նաև այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85