ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ – ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼՈՒ ԵՆ
Քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը քաղաքապետը նախ նշեց, որ առաջիկա ուրբաթ օրը Երևանի ավագանու դիտարկմանը կներկայացվի քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների նախագիծ։ Կարևորվեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի լիազորությունների կանոնակարգումը և հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել դրանց ապակենտրոնացման ուղղությամբ։
Անցնելով օրակարգային հարցերին` Երևանի քաղաքապետն անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնում շինարարության ծավալներին՝ նշելով, որ դրանք էականորեն նվազելու են. «Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որևէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ և ապօրինի շինարարության ոլորտում նույնպես կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»։ Վերահսկողությունը շարունակական է լինելու նաև ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ։
Տրանսպորտի վարչությանը հանձնարարվեց գույքագրել ավտոկայանատեղիները և դրանք բերել օրինական դաշտ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության և ուղևորահոսքը կառավարելի դարձնելու նկատառումով առաջարկվեց տրանսպորտային նոր հայեցակարգ մշակել: Բացի այդ, հանձնարարվեց մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ։
Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև կրթական ոլորտի կառավարմանը և շեշտադրեց, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի առնվազն երկու թեկնածուի մասնակցություն. «Տարիներ շարունակ ձևավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում և հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները, արդյունքում չկա մրցակցություն, և անընդհատ վերարտադրում ենք նույն համակարգը, ինչն անթույլատրելի է»,- նկատեց քաղաքապետը։
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին նաև բյուջետային ապառքների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ։