ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում վարկային միջոցների ներգրավման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ասիական զարգացման բանկի քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացման ծրագրի ղեկավար Արնո Դոֆինի հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող վարկային ծրագրի առաջին փուլի համաձայն` ծրագրվում է կառուցել քաղաքի կենտրոնը բեռնաթափող և քաղաքը շրջանցող երկու նոր գլխավոր ճանապարհ: Կարևորելով մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետաքրքրված է բանկի խորհրդատուների կողմից ներկայացված քաղաքային տրանսպորտի ծրագրերով:
Արնո Դոֆինն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին բանկի խորհրդատուների կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին կներկայացվի տրանսպորտային բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը: