Աջակցություն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին
Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ որոշման նախագծով առաջարկվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով և աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով, պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ։ Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500000 դրամի չափով: Միջոցառումը կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2021թ. պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում: Այն վերաբերելու է ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, այնպես էլ ընդհանուր առմամբ երբևէ ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած բոլոր նախկին զինծառայողներին: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներգրավմամբ ծրագիրը ներկայացվելու է շահառուներին:
Հանձնարարվել է ԱՍՀ նախարարին միջոցառման մեկնարկից որոշ ժամանակ անց ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և այլ ոլորտներում ևս նմանատիպ գործիքների կիրառման նպատակահարմարությունը քննարկելու համար: