Ֆինանսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 422.00+1.00 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 77.46-2.81 WTI - 73.77-2.77
COMEX:  GOLD - 2635.70-0.99 SILVER - 30.79-2.72
COMEX:  PLATINUM - 961.80-1.62
LME:  ALUMINIUM - 2571.00-3.27 COPPER - 9742.50-1.88
LME:  NICKEL - 17776.00-1.53 TIN - 32867.00-3.06
LME:  LEAD - 2103.00-2.12 ZINC - 3091.00-2.63
FOREX:  USD/JPY - 148.35+0.27 EUR/GBP - 1.0966-0.15
FOREX:  EUR/USD - 1.0966-0.15 GBP/USD - 1.3086-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42080.37+0.30 NASDAQ - 18182.92+1.45
STOCKS US: S&P 500 - 5751.13+0.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.96+0.87 TOPIX - 2707.24+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20637.24-1.38 SSEC - 3258.86-6.62
STOCKS EUR:  FTSE100 - 8190.61-1.36 CAC40 - 7521.32-0.72
STOCKS EUR:  DAX - 19066.47-0.20
09/10/2024  CBA:  USD - 387.06-0.36 GBP - 506.78-0.66
09/10/2024  CBA:  EURO - 424.45-1.09
09/10/2024  CBA:  GOLD - 32851.62-43.63 SILVER - 389.26-7.83
Կենտրոնական բանկ. «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխաններ
07/07/2022 17:36
Կիսվել

Կենտրոնական բանկ. «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխաններ

1. Ի՞նչ է կարգավորում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի այլ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, անկախ գումարային մեծությունից, պետք է ամբողջությամբ անկանխիկ իրականացվեն։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:

2. Ո՞րն է Օրենքի նպատակը և ի՞նչ ազդեցություն այն կունենա:

Առաջին և ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է: ՀՀ քաղաքացիները, անկանխիկ վճարելու ցանկության դեպքում, պետք է ունենան դրա հնարավորությունը, իսկ տնտեսվարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը պետք է ապահովի այդ իրավունքի պատշաճ իրականացումը:

Օրենքն ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական ազդեցություն: Քաղաքացին հնարավորություն է ստանում անկանխիկ կենսակերպ վարել, ինչի շնորհիվ, բացի կարճաժամկետում կանխիկի հետ կապված ռիսկերից և անհարմարություններից խուսափելուց, երկարաժամկետում նրան հասանելի են դառնում նաև ֆինանսական ավելի լայն ծառայություններ: Մասնավորապես, հաշիվ ունենալն ու անկանխիկ գործարքներ իրականացնելը հնարավորություն է տալիս ավելի լավ կառավարելու դրամական միջոցները, խնայողությունները, կուտակելու վարկային պատմություն, դիմելու վարկային գծի համար և այլն:

Երկարաժամկետ կտրվածքով Օրենքը նպաստելու է նաև մեր երկրում թվայնացման գործընթացին, ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացում: Բացի այդ, թվայնացմանը զուգընթաց հասանելի է դառնում տվյալների ավելի արդյունավետ վերլուծությունը, ինչը քաղաքացիներին ավելի կատարելագործված ու անհատականացված ֆինանսական ծառայությունների մատուցման հնարավորություն է ստեղծում:

3.Արդյո՞ք անկանխիկ եղանակով գործարք իրականացնելու դեպքում սպառողն ավելի բարձր գին չի վճարելու, քան կանխիկի դեպքում: 

Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի  նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր: Այս առումով քաղաքացին չպետք է տուժի: Հարցը հստակ կարգավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համապատասխան ծառայություններ մատուցող, ապրանք վաճառող կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին, քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում:

4. Որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները:

Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն:

Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը:

 Արդեն իսկ արձանագրվում է միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%:

Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար:

5. Ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց:

ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը  գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում:

Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է, որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:

Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

6. Արդյո՞ք տերմինալներով վճարումը համարվում է անկանխիկ գործարք:

Ըստ Օրենքի՝ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողների բանկային հաշվեհամարին վճարային տերմինալներով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ և/կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել:

7. Ինչո՞ւ չվճարել կանխիկ, որը «ծախսեր չի պահանջում», այլ վճարել անկանխիկ, որը «հավելյալ ծախս է ենթադրում»:

Իրականում կանխիկ փողը նույնպես գին ունի, օրինակ՝ տպելու, պահպանելու, փոխադրելու համար ծախս է պահանջվում: Պարզապես այդ գումարները «տեսանելի» չեն սպառողների համար, քանի որ ֆինանսական կառույցները, տնտեսվարողներն այդ ծախսը ներառում են մատուցվող ծառայությունների արժեքի մեջ: Կենտրոնական բանկն իր հերթին զգալի ծախսեր է իրականացնում կանխիկի պահպանման և թարմացման համար:

Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիթորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:

8. Կա՞ անհրաժեշտություն ձեռք բերելու նոր հաշվիչ դրամարկղային սարքեր (ՀԴՄ):

Անկանխիկ վճարումներ իրականացնելու համակարգը հնարավոր է ակտիվացնել ՀՀ առևտրային բանկերի միջոցով օրենքին համապատասխանող բոլոր ՀԴՄ սարքավորումների վրա: Այս սարքավորումներն այս պահին փոխելու կարիք չկա:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վճարահաշվարկային համակարգերի զարգացման, նոր ֆինանսական գործիքների ու լուծումների ի հայտ գալու հետ մեկտեղ նշված սարքավորումներին ներկայացվող պահանջներն ընդլայնվում և փոփոխվում են: Հետևաբար, ժամանակի ընթացքում հին սերնդի ՀԴՄ սարքավորումները կարիք է լինելու փոխարինել նորով:

9. Այսպես կոչված «MF» մոդելի ՀԴՄ-ների շահագործման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան:

Partner MF-2351 տերմինալը համակարգում շահագործման է հանձնվել 2015թ․ մայիսից: Այս տերմինալի՝ անվտանգության պահանջներին համապատասխանության շահագործման ժամկետը լրանում էր 30.04.2020 թ-ին: ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով այդ ժամկետը 2020թ-ին երկարաձգվել էր մեկ տարով՝ մինչև 30․04․2021թ.։

Միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված պահանջի համաձայն՝ 12․10․2018թ-ից սկսած, քարտ ընդունող նոր գրանցվող վաճառակետերում տերմինալները պարտավոր են սպասարկել անհպում քարտեր, ինչպես նաև ունենալ անվտանգության նշված պահանջներին համապատասխանություն։ Սահմանվել է վերջնաժամկետ՝ 01․04․2023թ․, ըստ որի՝ վաճառակետերում տեղադրված բոլոր տերմինալները պարտադիր պետք է սպասարկեն անհպում քարտեր և ունենան անվտանգության նշված պայմանները։

10. Ո՞վ է իրականացնելու անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը:

Հայաստանում ավելի քան 50 հազար տնտեսվարողի մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունում  Կենտրոնական բանկի ու Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի միջև քննարկում  է իրականացվել։

Նշված ծրագրի իրականացմանը մասնակցելուն  պատրաստակամություն են հայտնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից ծրագրին մասնակից լինելու առաջարկն ուղղված է եղել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերին. արձագանքել են այս երկու կազմակերպությունները:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի  բոլոր քաղաքներում և գյուղերում տնտեսվարողների մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը քիչ եկամտաբեր է և ենթադրում է մեծ ներդրումներ: Ծրագրին միացած երկու բանկերի կողմից նշված ենթակառուցվածքը ստեղծելու համար արդեն իսկ իրականացվել են համապատասխան ներդրումներ՝ հնարավոր նվազագույն գներով տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:

11. Առաջացնելո՞ւ են ՀԴՄ սարքավորումների կարգավորումները հավելյալ ծախսեր:

Հաշվի առնելով ներկա փուլում տնտեսվարողների համար հավելյալ ծախսային բեռ չստեղծելու անհրաժեշտությունը, աշխատանքներ են տարվել բանկային համակարգի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է հնարավորինս  օպտիմալացնել ՀԴՄ սարքերի վրա անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգերի ակտիվացման հետ կապված վճարները և պայմանները:

Մասնավորապես, ըստ ծրագրին մասնակից 2 բանկերի առաջարկի՝ զրոյական շրջանառության դեպքում գանձվելու է  ամսական վճար՝ Երևանում 4600 ՀՀ դրամի, այլ քաղաքներում՝ 3000 դրամի, գյուղերում՝ 1000 ՀՀ դրամի չափով, իսկ շրջանառության հետ մեկտեղ անկանխիկ վճարումների դիմաց գանձվող միջնորդավճարները նվազեցվելու են այս գումարից:

12. Արդյո՞ք համակարգը և տնտեսվարողները պատրաստ են հուլիսի 1-ից գործարքների անկանխիկ իրականացմանը:

Եթե տնտեսվարողները համապատասխան կարգավորումները դեռ չեն իրականացրել, ապա նրանք ծանուցումներ կստանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ նշված երկու բանկերից որևէ մեկի միջոցով համապատասխան կարգավորումներն իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց, սպասարկող բանկի մասին տեղեկանալուց և ՊԵԿ հարթակում համապատասխան դիմումը լրացնելուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կամ մասնագիտացած կազմակերպության կողմից:

Միևնույն ժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում առաջիկայում հանդես կգա նաև այլ պարզաբանումներով՝ իր լիազորությունների շրջանակում գտնվող հարցերի մասով: Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՀ ԿԲ-ի էլեկտրոնային հասցեին՝ mcba@cba.am:

09/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.06
-0.36
Եվրո (EUR)
424.45
-1.09
Ռուբլի (RUR)
3.99
-0.03
Լարի (GEL)
141.79
+0.14
32851.62
-43.63
Արծաթ
389.26
-7.83