ՇԱՀՈՒՅԹՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ 21 ԲԱՆԿԵՐԻՑ 17-Ը
2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 15.4 մլրդ դրամ: Կիսամյակի ընթացքում շահույթով են աշխատել 17 բանկ, վնասով` 4 բանկ:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների` 2012 թվականի առաջին 2 եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի համախառն եկամուտները և համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 175.5 մլրդ դրամ և 155.5 մլրդ դրամ:
Հատկանաշական է, որ բանկերի տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 73.6%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռներ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները, արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտները և արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտները` համապատասխանաբար 46.4%, 24.0% և 17.6%:
Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը և առևտրային բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 47.7% և 20.3%:
Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 42.2%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր՝ 461 մասնաճյուղով: