2012Թ.-ԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 27%-ՈՎ
2012 թվականի չորրորդ եռամսյակում հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 5.6%-ով, իսկ ամբողջ 2012 թվականի արդյունքներով՝ 27.6%-ով: Վարկավորման արժութային կառուցվածքում գերակշռել են արտարժույթով վարկերը:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ արտարժույթով վարկերը տրամադրվել են հիմնականում մասնավոր ձեռնարկություններին, իսկ դրամով վարկերը՝ տնային տնտեսություններին:
Հատկանշական է, որ վարկավորման ընդհանուր կառուցվածքում ավելացել է համախառն առաջարկը խթանող՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ճյուղերին, տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրվող վարկերի տեսակարար կշիռը և նվազել համախառն պահանջարկը խթանող՝ սպառողական, հիփոթեքային և առևտրի ոլորտներին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը: