
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՄՈՏ «ԿՈՒՏԱԿՎԵԼ ԵՆ» ԱՐՏԵՐԿՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ
Հայաստանյան բանկերը շարունակում են մեր քաղաքացիներին, ինչպես նաև բիզնեսին վարկեր տրամադրել առավելապես արտարժույթով: Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջին դրությամբ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են վարկերի համախառն ծավալի 63.8%-ը: Նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 1.6 տոկոսային կետով:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է 0,6 տոկոսային կետով, իսկ նախորդ՝ փետրվար ամսվա համեատ՝ 1,1 տոկոսային կետով:
Նշենք, որ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող ցուցանիշներից մեկն է: Եթե այն բարձր է, ապա դա խոսում է այն մասին, որ երկրի առևտրային բանկերի մոտ շարունակվում են «կուտակվել» արտերկրից ներգրավված միջոցներ: