ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ 8%
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանում գնաճը կարագանա: Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը:
Սպասվում է, որ գնաճային միջավայրը կընդլայնվի մայիսին տեղացած կարկուտի հետևանքով գյուղմթերքների գների բարձրացման և երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների վերանայման ազդեցությամբ: Արդյունքում, երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կգերազանցի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը՝ հաջորդող մեկ տարում տատանվելով միջին հաշվով 8% մակարդակի շուրջ:
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ էներգակիրների սակագների վերանայման պարագայում բարձր գնաճը և դրա երկրորդային ազդեցությունները մեղմելու, ինչպես նաև գնաճային սպասումները խարսխելու նպատակով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այնուհետև, գնաճային սպասումների չեզոքացումից հետո ԿԲ-ն կճշգրտի իր քաղաքականությունը խթանման ուղղությամբ և կիջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
ԿԲ-ում վստահ են, որ նշված գործոնների ազդեցության արդյունքում 2014թ. երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կնվազի և կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4+(-)1.5%: