
ԵՄ-ն ցանկանում է ավելի շատ շահույթ ստանալ սառեցված ռուսական ակտիվներից
ԵՄ-ն ձգտում է լրացուցիչ միլիարդավոր եվրոներ ստանալ սառեցված ռուսական ակտիվներից՝ դրանք տեղափոխելով «ավելի ռիսկային ակտիվների» մեջ։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միության գործադիր իշխանությունը ցանկանում է գրեթե 200 միլիարդ եվրոյի չափով սառեցված մոսկովյան ակտիվներ փոխանցել «նոր, ավելի ռիսկային» ներդրումային հիմնադրամ, որը կվճարի բարձր տոկոսադրույքներ։
Նպատակն է շահույթ ստանալ և փոխանցել Ուկրաինային՝ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից ֆինանսավորման կրճատման սպառնալիքների ֆոնին։
Այս քայլը չի հանգեցնի ռուսական ակտիվների լիակատար բռնագանձման, ինչը հակասում է միջազգային իրավունքին։ ԵՄ-ն փորձում է խուսափել իրավունքի խախտման մեղադրանքներից՝ ծախսելով միայն ակտիվներից ստացված տոկոսները, ոչ թե հիմնական կապիտալը։
Ավելի վաղ Իսպանիան կոչ էր արել ստեղծել հատուկ հիմնադրամ, որը թույլ կտա օգտագործել ռուսական սառեցված ակտիվները՝ Եվրոպայի պաշտպանության և Ուկրաինայի աջակցության համար։ Համապատասխան առաջարկով հանդես էր եկել թագավորության էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն։