
Որքան է Իսրայելին արժենում Իրանի դեմ պատերազմը
Իսրայելը օրական միլիոնավոր դոլարներ է ծախսում Իրանի դեմ պատերազմի վրա։ Զինված հակամարտության ծախսերը հաշվարկել են The Wall Street Journal պարբերականի փորձագետները։
Վերլուծաբանների տվյալներով՝ պատերազմը մեկ ամսում կարող է Իսրայելին արժենալ մինչև 12 միլիարդ դոլար։ Միայն հակաօդային պաշտպանության համակարգերի վրա ծախսերը կարող են հասնել օրական 200 միլիոն դոլարի, իսկ Իրանի հարվածներից հետո երկրի վերականգնումը նվազագույնը 400 միլիոն դոլար կպահանջի։ Այս ծախսերը կարող են նվազեցնել Իսրայելի կարողությունը երկարաժամկետ պատերազմ վարելու համար։
Միևնույն ժամանակ՝ Իսրայելի կողմից հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով, Իրանում նավթ արտահանողները շտապ կերպով ավելացնում են նավթի բեռնումը նավթային տերմինալներից դեպի տանկերներ։ Տեղական էներգետիկ ընկերությունները փորձում են շտապ ազատվել գերլցված պահեստարաններում գտնվող նավթից՝ այն տեղափոխելով տանկերներ։ Այս իրավիճակը, մասնավորապես, նկատվել է Մերձավոր Արևելքի հիմնական արտահանման հանգույցներից մեկում՝ Խարգ կղզու տերմինալում։