
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի համար հատուկ հիմնադրամ ստեղծելու հարցը
ԵՄ-ում մտածում են 2028 թվականից Ուկրաինայի համար հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին՝ 100 միլիարդ եվրո ծավալով։ Այն կարող է դառնալ 2028-2034 թվականներին նախատեսված միության հաջորդ յոթնամյա բյուջեի մի մասը: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարբերակը սկսել են քննարկել՝ հաշվի առնելով արդեն գրեթե 3.5 տարի շարունակվող հակամարտության ավարտի ցանկացած նշանի բացակայությունը։
Երկարաժամկետ բյուջեի առաջարկը պետք է ներկայացվի հուլիսի վերջին։ Հիմնադրամ ստեղծելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների համաձայնությունը։ Նշվում է, որ այս քայլը կբարձրացնի Եվրոպայի պատասխանատվությունը Ուկրաինայի նկատմամբ՝ այն բանի ֆոնին, որ ԱՄՆ-ն կարծես թե փորձում է հետ կանգնել գործընթացից։
Ընդհանուր առմամբ, Եվրոպան պատերազմական գործողությունների սկզբից Կիևին արդեն տրամադրել է մոտ 160 միլիարդ եվրոյի աջակցություն։ Հետևաբար՝ նշված հիմնադրամի չափը փաստացի նշանակում է ծախսերի եռակի կրճատում, եթե աջակցությունը չկատարվի այլ ուղղություններով կամ առանձին անդամ երկրների կողմից։
Սպասվում է, որ նոր ֆինանսավորման մեխանիզմը ընդհանուր առմամբ չի տարբերվի գործող մոդելից, որի շրջանակում ԵՀ-ն աջակցություն է տրամադրում դրամաշնորհների և մատչելի վարկերի միջոցով, իսկ Կիևը՝ վճարումների մեծ մասն ստանալու համար պարտավոր է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար։
Պաշտոնապես եվրոպացի պաշտոնյաները չեն մեկնաբանում Ուկրաինային աջակցության քննարկվող տարբերակները։ Սակայն ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հաստատել է, որ միությունն առաջիկայում էլ կշարունակի տրամադրել անհրաժեշտ ամբողջ աջակցությունը Ուկրաինային՝ այնքան ժամանակ, որքան պահանջվի, և ներկայումս քննարկում է այդ նպատակին հասնելու տարբեր ուղիներ։