
Դոնալդ Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայի հրդեհներից տուժածների համար հավաքված 100 միլիոն դոլարի անհետացման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խարդախ սխեմա» է անվանել ամերիկյան FireAid նախաձեռնությունը, որը նախատեսված էր Կալիֆոռնիայում բնական հրդեհներից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Նա հայտարարել է, որ այդ նպատակով հավաքված գումարից 100 միլիոն դոլարն անհետացել է։
«FireAid-ը լիակատար աղետ է: Թվում է, թե սա ևս մեկ խարդախ սխեմա է, որը ներշնչվել է դեմոկրատների կողմից։ Անհետացել է 100 միլիոն դոլար», – գրել է Թրամփը Truth Social հարթակում:
Հիշեցնենք՝ Կալիֆոռնիայի հարավում՝ Լոս Անջելեսի շրջանում հունվարին տեղի ունեցած հրդեհների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ոչնչացվել է շուրջ 18 հազար շինություն։ Հասարակական կազմակերպություններն, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության հետ կապված միավորումները սկսել էին դրամահավաք՝ հրդեհներից տուժածների կարիքները հոգալու նպատակով։ Այս նախաձեռնության շրջանակում հունվարի 30-ին Կալիֆոռնիայում կազմակերպվել էր բարեգործական համերգ, որին մասնակցել են Բիլի Այլիշը, Լեդի Գագան, Քեթի Փերին և այլ հայտնի արտիստներ։ Հավաքվել էր մոտ 100 միլիոն դոլար, սակայն, ինչպես հաղորդել է Fox News-ը, այդ միջոցները բաշխվել են մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների միջև և ոչ անմիջապես տուժած քաղաքացիներին։
Թրամփը իր սոցիալական ցանցում կրկին քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին։ Նախագահի կարծիքով՝ նահանգային իշխանությունները կարող էին կանխել հրդեհները, եթե ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկեին։ Թրամփը նաև նշել է, որ Լոս Անջելեսում ջրի պակասը, որը նկատվել էր հրդեհների ժամանակ, հիմնականում պայմանավորված էր Նյուսոմի՝ ջրի օգտագործման սահմանափակումները չչեղարկելու ցանկությամբ։